2 տարի անց. հսկայական էներգիայի թաց հետքը

2 տարի անց. հսկայական էներգիայի թաց հետքը

2 տարի առաջ պատրաստվելով և անցկացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ հայաստանյան և հայկական քննարկումներին շատ էր շեշտվում այն հանգամանքը, որ 100-րդ տարելիցը պետք է լինի մի սահման, որից այն կողմ մենք պետք է ապրենք լիովին նոր կյանքով: Եվ խոսքը միայն հայկական հարցի շուրջ կյանքի մասին չէր, այլ ընդհանրապես հայկական պետականության շուրջ՝ պետականության մեջ նոր կյանքի մասին: Երկու տարի առաջ նաև գծվեց այդ սահմանը՝ 100-ից առաջ և 100-ից հետո սահմանը, նոր կյանքի, վերելքի սահմանը: Ընդ որում, գծվեց այնպիսի ուժով, որ անգամ երևանյան հորդառատ անձրևը անկարող եղավ ջնջել այդ գիծը: Եվ ոչ միայն անկարող եղավ ջնջել, այլև առավել ընդգծեց այն: 2 տարի առաջ ապրիլի 23-ի երեկոյան Երևանի կենտրոնը եռում էր, փոթորկվում: Դժվար է ասել, թե ինչից, որովհետև Հանրապետության հրապարակում մի քանի տասնյակ հազար քաղաքացիների դեմքով և հոգով կուտակվել էր ահռելի և բազմաբնույթ, բայց միարժեքորեն դրական ու պրոգրեսիվ մի էներգիա, արժեքային ընդհանուր մի դաշտ, հանգույց, որը կարճ միացում չէր տալիս անգամ թափվող հորդ անձրևից: Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգն էր՝ Սերժ Թանկյանի և ընկերների համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որ Երևանը դարձրել էր ոչ միայն համահայկական, այլև տարածաշրջանային զարկերակ՝ համերգին բազմաթիվ մասնակիցներ էին եկել այլ երկրներից, SOAD-ը նրանց բերել էր Հայաստան՝ ցույց տալով ճանապարհը բառի բուն և պատկերավոր իմաստով՝ Հայաստանն աշխարհին և աշխարհը Հայաստանին կապող ճանապարհը: Դա իսկապես բեկում էր՝ ոչ թե խոսքով, այլ գործով, էներգետիկայով բեկում: Հանրապետության հրապարակում կուտակվեց մի էներգիա, որը կենդանի, ապրող հուշարձան էր 1,5 միլիոն անմեղ զոհերի համար և միաժամանակ շարժիչ՝ ապրողների համար: Ու թվում էր, որ այդ կուտակված էներգիան չէր կարող իր հսկայական էֆեկտը չունենալ պետականության կազմակերպման գործում, պետական որակների, արդյունավետության գործում, Հայաստանը փոխելու ահռելի թափով գործընթաց նախաձեռնելու գործում: Բայց անցել է երկու տարի՝ ուղիղ երկու տարի, այդ ընթացքում բազմաթիվ հակասական, ոգևորիչ, միաժամանակ ողբերգական իրադարձություններով, որի հանրագումարում այսօր հարկադրված ենք արձանագրել, որ երկու տարի առաջ կուտակված էներգիան գործնականում չի վերամշակվել և «արտադրական ցիկլ» սնուցել մեծ հաշվով ոչ մի գործնական հարթության վրա՝ լինի դա իշխանության տիրույթում, թե հասարակական, քաղաքական ու քաղաքացիական այլ տիրույթներում: Այդ իմաստով երկու տարի անց տագնապ կա, որ ևս մի քանի տարի հետո մենք կարող ենք արձանագրել, որ 2015 թվականին ունեցանք ապրիլի 24-ի կենդանի հուշարձան և կյանքի կենդանի աղբյուր, որը կարող ենք կորցնել աստիճանաբար: Դա կլինի իսկապես ցավալի մի կորուստ: Իհարկե, ոչ անվերականգնելի, ինչպես ցույց տվեց 2016-ի ապրիլը՝ իր ողբերգականությամբ և միաժամանակ հերոսականությամբ: Բայց որպեսզի ժամանակն ու պատմությունը մեզ չստիպեն «վերականգնվել» նման արտառոց և արտակարգ իրավիճակներում, մենք պարտավոր ենք չկորցնել, չմսխել, չսպառել կամ չհողանցել այլ պարագաներում մեզ ընձեռված էներգիայի կուտակումները: