Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալ օրինակ. Նուբար Աֆեյան

Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալ օրինակ. Նուբար Աֆեյան

Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալ օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին:  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո չպետք է բավարարվենք միայն վերապրումով: Ես լավատես եմ: Կարծում եմ, Հայաստանն այդ հնարավորությունն ու կամքը պետք է ունենա: Նրա ապագան փայլուն է»,-նշեց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը  պետք է առաջ գնան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր, ինչի համար, ըստ նրա, քայլեր արդեն իսկ արվում են: «Անշուշտ, հիմա բոլորս անհամբեր ենք:  Այդքան ժամանակ սպասել ենք, որ անկախ երկիր ունենանք, հիմա ուզում ենք շուտով դառնալ եվրոպական երկիր: Չեմ ասում, որ շատ քայլեր չկան անելու, բայց կարծում եմ, որ հիմա որոշ քայլեր արվում են ու դեռ արվելու են»,-ասաց Նուբար Աֆեյանը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան ընդգծելով, որ Հայաստանն այսօր գնում է դեպի ժողովրդավարություն: «Բայց ես ապրում եմ ԱՄՆ-ում, և այնտեղ էլ կա կոռուպցիա: Աշխարհի բոլոր կողմերում մարդիկ գտնում են ձևեր, որ կարողանան ապօրինի ձևով առաջ գնալ և այլն, բայց այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ կցանկանային Ցեղասպանության նահատակներն ազգի կայացման համար: Պետք է այդ հարցը տանք ու այդ քայլերով շարունակենք»,-եզրափակեց նա: