Զինված մեթոդը մեր առաջնահերթությունը չէ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն իր շարունակությունը կունենա

Զինված մեթոդը մեր առաջնահերթությունը չէ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն իր շարունակությունը կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ - Պարոն Ենիգոմշյան, 2 տարի առաջ Ժիրայր Սեֆիլյանը նախաձեռնել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը։ Ինչո՞ւ այն չկարողացավ հասնել իր վերջնանպատակին։  Որո՞նք են պատճառները։ - Եթե բառացիորեն հասկանանք «100-ամյակն առանց ռեժիմի», ապա հասկանալի է, որ արդեն չի լինի՝ այն իմաստով, որ 100-ամյակն արդեն անցել է։ Բայց այն նպատակը, որ դրել էր շարժումն իր առաջ՝ ունենալ այնպիսի Հայաստան, որն արժանի կլինի իր քաղաքացիներին ու հայ մարդուն, այդ պայքարն իր շարունակությունն ունեցել է և դեռ կշարունակի ունենալ։ Ինչո՞ւ 2015-ին դրված խնդիրը չլուծվեց։  Դա ունի բազմաթիվ պատճառներ ու մեկնաբանություններ։ Չէի ցանկանա վերամբարձ խոսքեր ասել, բայց պատմության ընթացքում դրանք արագ լուծվող խնդիրներ չեն եղել, պատմությունը շարունակական է։ Ես, մեր ժողովուրդը բացարձակապես չենք կասկածում, որ ոչ ուշ արժանապատիվ պետություն ունենալու խնդիրը կլուծվի։ Դա կլինի այս ռեժիմի հեռացումը։ - Ի՞նչ մեթոդներով, տեսնում ենք, որ իշխանությունները ցանկացած ընդվզման դեմն առնում են՝ կալանավորումներով և ազատազրկումներով։ Արդյոք կա՞ն մարդիկ, որոնք կշարունակեն Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» սկսածը։ - Արժանապատիվ հայրենիք և պետություն ունենալու պայքար շարունակողներն այսօր  կան՝ կալանավայրերում և կալանավայրերից դուրս, և անպայման առաջիկայում էլ կլինեն։ Այդ մարդկանց թիվը կբազմանա՝ կասկած չկա։ Սա մի գործընթաց է, որ շարունակական է և անպայման իր դրական արդյունքներին կհասնի։ Ի՞նչ միջոցներով՝ բոլոր ձեռնտու, օրինական և բարոյական։ - Դա ներառո՞ւմ է փողոցային, նաև՝  զինված պայքարը։ - Մենք երբեք զինված մեթոդը որպես առաջնահերթություն չենք նայել։ Մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի՝ ժողովուրդն  իրավունք ունի բռնությամբ պատասխանելու։ Այսօր էլ նույնն ենք ասում։ Պայքարը և՛ գիտակցական, և՛ գաղափարական, և՛ փողոցում անհնազանդության մեթոդներով կշարունակվի։ Պայքարն իր մեջ բոլոր ձևերը կներառի։ - Բայց տպավորություն է, թե հասարակությունը հարմարվել է  իրավիճակին, նույնիսկ հետընտրական ընդզվումներ, բողոքի ցույցեր չեղան։ - Այն խնդիրները, որ այսօր կան մեր երկրում, և թվացյալ հանդարտությունը անհամատեղելի են իրար հետ։  Ե՛վ ներքին, և՛ արտաքին, սոցիալական քաղաքական բոլոր խնդիրները այս ձևով շարունակվել չեն կարող։ Այս թվացյալ հանդարտությունը համահունչ չէ իրավիճակին և ժամանակավոր է։ Թե ինչպիսի լուծումներ կլինեն՝ ժամանակը ցույց կտա։   Լուսանկարը՝  Photolure-ի