Ինչու Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

Ինչու Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

The Huffington Post պարբերականի սյունակագիր Ա. Հ. Գուդմանը ծավալուն հոդված է հրապարակել, որում մեկնաբանում է, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Թրամփը Սպիտակ տունը նվաճեց Վաշինգտոնում մշակույթը փոխելու և «Սկզբում Ամերիկան» քաղաքականությունն առաջ մղելու խոստման միջոցով: Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ Միացյալ Նահանգներն անտեսում է պատմական փաստը՝ ենթարկվելով այլ ժողովուրդների քմահաճույքներին: Մինչ օրս Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Չնայած Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ևս դրժեց իր խոստումը: Բարեբախտաբար, Թրամփի նախագահության օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հույս կա՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Կրոմվելի խոսքերը՝ «Թրամփը կարող է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նա անկանխատեսելի է»: Այն, որ Միացյալ Նահանգները չի կարողանում առերեսվել պատմական ճշմարտության հետ, իր ազդեցությունն է ունենում Սիրիայում և այլ վայրերում մեր երկրի միջամտության վրա՝ գրում է հոդվածագիրը և հավելում, որ Թրամփը, լինելով ոչ ավանդական, շատ հնարավոր է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Չնայած ԱՄՆ նախկին նախագահներն իրենց ելույթներում հրաժարվել են «ցեղասպանություն» եզրութից, բայց Ռաֆայել Լեմկինը, առաջին անգամ օգտագործելով այդ տերմինը, նկատի է ունեցել հենց հայերի կոտորածը: «Նրանք, ովքեր հայերի զանգվածային կոտորածները հրաժարվում են ընդունել որպես ցեղասպանություն, կարող են դիտել Լեմկինի տեսաձայնագրությունը, որտեղ նա պարզաբանում է, թե ինչու է ստեղծել «ցեղասպանություն» եզրույթը»,- գրում է հոդվածագիրը: Huffington Post-ն անդրադառնում է նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամի գտածոյին, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ցեղասպանությունը՝ համադրելով պետության մասնակցությունն ապացուցող փաստաթղթերը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում հայտնաբերել է մի հեռագրի բնօրինակ, որն ապացուցում է Հայոց ցեղասպանությանը պետական մասնակցությունը: «Նախագահ Թրամփը հնարավորություն և ներուժ ունի անելու այն, ինչ ամերիկյան ոչ մի վարչակազմ խիզախություն չի ունեցել անելու: Նախագահ Թրամփը պետք է անի այն, ինչ նախորդ նախագահն անելու խիզախություն չունեցավ, և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ դնելով՝ նկատի է ունեցել հայերի կոտորածը, և ժամանակն է, որպեսզի Ամերիկան ունենա նախագահ, որը պատմությունն առաջին տեղում կդասի, ոչ թե կխուսափի ճշմարտությունը հարգելու մեր պարտավորվածությունից»,- եզրափակում է հոդվածագիրը: