Մենք բոլորս պահանջատեր ենք. Հայաստանի ասորական համայնքը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Մենք բոլորս պահանջատեր ենք. Հայաստանի ասորական համայնքը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի «Աթուր» ասորական միության նախագահ Արսեն Միխայիլովը նախադրյալներ տեսնում է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում Միխայիլովն ընդգծեց, որ գալու է ժամանակը, երբ աշխարհը ոտքի կկանգնի, և Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այն, ինչ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական մակարդակով իրականացրեց հայ, ասորի և հույն ժողովուրդների նկատմամբ, բարբարոսություն է: Մենք դատապարտում ենք և պետք է մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի աշխարհը տեսնի, թե իրականում ինչ է կատարվել և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք բոլորս այս հարցում պահանջատեր ենք»,- նշեց նա: Միխայիլովն ընդգծել է, որ գրեթե ողջ ասորական համայնքն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: