Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հովնանյան վարժարանի աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հովնանյան վարժարանի աշակերտներին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հովնանյան վարժարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Հրաչ Թուֆայանի: Նորին Սրբությունը գոհունակությամբ ողջունել է Հովնանյան վարժարանի ավարտական լսարանի սաների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ապրիլյան այս օրերին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատանիներին հորդորեց իրենց հոգում վառ պահել ու կրել այն հավատքը, սերն ու նվիրումն առ հայրենիքն ու Մայր Եկեղեցին, որը հնարավորություն տվեց Եղեռնից վերապրած հայ ժողովրդին վերածնվել ու հաստատել ապրելու, արարելու իր անսասան կամքն ու իրավունքը: Վեհափառ Հայրապետը Հովնանյան վարժարանի սաներին պատգամել է ջանասիրությամբ ու նվիրումով շարունակել իրենց ուսումնառությունը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն համայն հայության, ինչպես նաև հայրենիքի զարգացմանը, հզորացմանն ու բարօրությանը: Նորին Սրբությունը նաև իր հայրապետական օրհնությունն է փոխանցել վարժարանի ուսուցչական ողջ անձակազմին, հոգաբարձուների և բարերարներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ջանքերն ու ազգօգուտ ծառայությունը: