Ստամբուլում ոստիկանությունն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլում ոստիկանությունն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Շիշլի թաղամասում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը, որը անց է կացվում հինգ տարի շարունակ: Ոստիկանության ներկայացուցիչները հավաքվածներին հայտնել են, որ «վերևից հրաման ունեն արգելելու ցույցը»` սպառնալով, որ եթե հավաքվածները չենթարկվեն հրամանին, իրենք հրաման ունեն միջամտելու՝ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ներկաները հավաքել են «Մի ՛մոռացիր, մոռացնել մի՛ տուր», «Քանի դեռ չկա առերեսում, ցեղասպանությունները չեն դադարի» գրությամբ պաստառները և տեղափոխվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի գրասենյակ: Գրասենյակում կուսակցության անունից ելույթ ունեցող Մելիս Թաթանը նշել է, որ ցեղասպանությունը միայն 1915-ով չի սահմանափակվել: Այն շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի, Մարիցա Քյուչուքի սպանություններով, նրանց դատավարության արդյունքում արդար վճռի բացակայությամբ և իրական հանցագործներին կոծկելու ճանապարհով: «Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Նորայր Օլգարն էլ ասել է, որ հայերից հետո ցեղասպանությունն այսօր շարունակվում է քրդաբնակ շրջաններում: «102 տարի անց էլ կոչ ենք անում պետությանն առերեսվել կատարվածի հետ: Քանի դեռ չկա առերեսում, խաղաղություն չի լինի»,- ընդգծել է նա: