Ներքաղաքական զարգացումներին չեմ հետևում, բացարձակապես. Լևոն Սարգսյան

  Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի նպաստում Ցեղասպանության ճանաչմանը, ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Անդրադառնալով հարցին, թե որքանով է արդյունավետ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Սարգսյանը պատասխանեց. «Այնքանով, որքանով հասարակությունն ականատես է լինելու: Ես կարծում եմ՝ բավականին արդյունավետ են»: Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում նոր երկրներ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Լեւոն Սարգսյանը նշեց. «Կարծում եմ, թերություն չկա մեր աշխատանքի մեջ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի: Դրանք արտաքին հանգամանքներից կախված բաներ են, մեր կամքից անկախ են»: Նրա կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ ամեն ինչ անում է: Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Լևոն Սարգսյանը նշեց. «Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետեւում, բացարձակապես դրանով չեմ զբաղվում»: