Ի՞նչ կասի Թրամփն Ապրիլի 24-ին. թուրքական թերթի անդրադարձը

Ի՞նչ կասի Թրամփն Ապրիլի 24-ին. թուրքական թերթի անդրադարձը

ԱՄՆ-ի նախագահները ավանդաբար ուղերձ են հղում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, իսկ մինչ այդ միջազգային հանրությունը, մասնավորապես հայ և թուրք հասարակությունները սպասում են՝ արդյոք ամերիկացի նախագահը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին գրում է Posta թուրքական կայքը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Թուրքական թերթը փաստում է, որ Թրամփն իր նախագահության օրոք չի անդրադարձել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին, ուստի ենթադրվում է, որ նա իր ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ակնկալվում է, որ ինչպես Օբաման, Թրամփը կգերադասի օգտագործել «Մեծ եղեռն» եզրույթը: «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, այլ հանձնաժողովների նախագահներ և ընդդիմադիր կոնգրեսականներ (83 հոգի) նամակով դիմել են Սպիտակ տան ղեկավարին՝ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար»,- տեղեկացնում է «Posta»-ն: Բայց քանի որ մայիսի 15-16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան պաշտոնական այցով գտնվելու է Սպիտակ տանը, ապա ենթադրվում է, որ Թրամփը չի ցանկանա հանդիպումից առաջ լարվածություն ստեղծել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման պատճառով՝ գրում է թուրքական թերթը: