Հայոց ցեղասպանությունը կոչելով այնպես, ինչպես կա.  The Bostone Globe

Հայոց ցեղասպանությունը կոչելով այնպես, ինչպես կա. The Bostone Globe

Ադոլֆ Հիտլերը Աթաթուրքի կիսանդրին պահում էր իր գրասենյակում, Օսվենցիմի պարետ Ռուդոլֆ Հեսը իր հուշագրություններում, որոնք գրել է մահապատժին սպասելիս, խոստովանել է, որ առաջին անգամ սպանել է թուրքական բանակում ծառայելիս՝ Առաջին աշխարհամարտի տարիներին: Չսխալվեք. երիտասարդ նացիստները երիտթուրքերի լուրջ երկրպագուներն էին՝ գրում է հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի գրող, հրապարակախոս Քրիս Բոհջալյանը Bostone Globe-ում: «Հայոց ցեղասպանությունը կոչել այնպես, ինչպես կա» խորագրով հոդվածում Բոհջալյանը գրում է, որ մեկ դար առաջ երիտթուրքեր Թալեաթ փաշան, Ջեմալ Փաշան, Էնվեր փաշան Օսմանյան կայսրության առաջնորդներն էին և Հայոց ցեղասպանության «ճարտարապետները»: Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 4 հայից 3-ը սպանվեց իշխանությունների կողմից. Ստամբուլից դուրս բնակվող ժողովուրդները՝ հայեր, ասորիներ, հույներ, էթնիկապես բնաջնջվեցին: Գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, ևս այնտեղ էին: Նրանք այդ ամենի ականատեսն են եղել: Գերմանացի դիվանագետների կողմից Հալեպից Էրզրում ուղարկված հեռագրերը, որտեղ նշվում էր կոտորածների մասին, այնքան հստակ են, որքան սովամահ երեխաների և մահացող կանանց պատկերող գերմանացի բժիշկ Արմին Վեգների լուսանկարները: Չնայած գերմանացիների մի մասը ապշահար էր տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվեցին: Պատերազմից հետո Մուստաֆա քեմալ Աթաթուրքը ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ բանակին հանելով հայերի և հույների դեմ: Այնուհետև ստալինյան ֆանատիզմով նրա կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածները: Հայերը զոհից դարձան դավաճան: Իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան այսօր պաթոլոգիկ մոլուցքով շարունակում հերքել Ցեղասպանությունը: Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: 102-ամյա տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ամենայնի, ևս մեկ էֆեմիզմ կգտնի «ցեղասպանություն» բառի համար, քանի որ երկինքն արգելում է Ամերիկային ռիսկի դիմել և դեմ դուրս գալ Թուրքիային:  «Հավատացեք ինձ, որ Սպիտակ տան խեղճ ելույթ գրողները շատ հոգնած տեսք ունեն այս օրերին, քանի որ նրանց խնդիրն է շրջանցել ցեղասպանություն եզրույթը»,-գրում է Բոհջալյանը՝ հավելելով, որ Կոնգրեսը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և «ես հույս չունեմ, որ այս մարդը բարոյականություն կդրսևորի «ռեալ պոլիտիկում» »: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Գերմանիան, այնուամենայնիվ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանները հաճախ ասում են, որ Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, ինչն էլ դառնում է հաջորդ փուլի նոր սկիզբ: Հնարավոր է, որ Հոլոքոստ լիներ նաև առանց Հայոց ցեղասպանության, բայց ինչպես ասում է պատմաբան Ստեֆան Իհրիգը՝ նացիստներն այնտեղ էին, երբ երիտթուրքերն «աշխատում էին»: Նրանք տեսան՝ ինչքան հեշտ է լուծել էթնիկ փոքրամասնություն կազմող ժողովրդի խնդիրը: Չէ՞ որ 1939թ. Հիտլերն ասել է՝ «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»: Ահա թե ինչու Ամերիկան պետք է վերջ տա բառախաղերին, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է: