Սիրիային ուղղված Թրամփի հրթիռակոծումը մեծ հարված է Կովկասին. eurasianet.org

Սիրիային ուղղված Թրամփի հրթիռակոծումը մեծ հարված է Կովկասին. eurasianet.org

Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արևմտամետ սրտերին», որտեղ հարվածները դիտարկվել են որպես նշան առ այն, որ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կոշտ ձևով գործել ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան՝ ներկայացնելով բանախոսների տեսակետներ։ «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Սիրիայում՝ Tomahawk հրթիռների արձակումը, փոխեց իրավիճակը շատ դրամատիկ կերպով»,-ասել է Տարածաշրջանային հետազոտությունների երևանյան կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։ «Կրեմլն այժմ պետք է շատ ավելի զգույշ լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ դա հավանաբար փոքր-ինչ կդանդաղեցնի Կովկասում մեկ այլ պատերազմի հավանականությունը։ Շահնազարյանը խոսել է ապրիլի 20-21-ը Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի անվտանգության ֆորումի շրջանակում։ Թրամփի վարչակազմի անորոշ արտաքին քաղաքականությունը եղել է միջոցառման հիմնական թեման։ Եվ եթե կային մտավախություններ, որ Թրամփը  կարող է մեղմ լինել Ռուսաստանի նկատմամբ, Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն ի չիք դարձրին դրանք։ «Մենք տեսանք, թե որքան վախեցած էին ռուսները հարվածներից հետո»,-ասել է Նոդար Խարշիլաձեն՝ Վրաստանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը, ով նախկինում եղել է պաշտպանության և ներքին գործերի փոխնախարար։ Նրա խոսքով՝ նրանք ճանաչում են ուժը, երբ տեսնում են այն, և ճանաչում են թուլությունը, երբ տեսնում են այն։ Մեկ այլ բանախոս՝ Վաշինգտոնում Վրաստանի նախկին դեսպան Բատու Կուտելիան, Թրամփի արտաքին քաղաքականությունում տեսել է Ռոնալդ Ռեյգանի հետքերը։ «Դա տարբեր, թվացյալ հակասական հայտարարությունների միքս չէ, այլ բավականին շրջահոսելի քաղաքականություն»,-ասել է նա։ Կուտելիան, ով ներկայում հանդիսանում է Վրաստանում Ատլանտյան խորհրդի փոխնախագահը, ասել է, որ գործընկերների հետ փորձել է մշակել Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը՝ հիմնված այն բանի վրա, թե ինչ է նա ասել և ինչ արել մինչև հիմա։ «Որքան էլ տարօրինակ է, այն խիստ նման է նախագահ Ռեյգանի Ազգային անվտանգության որոշման հրաման 75-ին։ Արդյո՞ք Թրամփը կլինի նոր Ռեյգան թե ոչ, պատմությունը կդատի»-ասել է նա։