Եթե մեր դիվանագիտությունը ենթարկվելու է Մոսկվային, ապա դա «Ազգ-բանակ» չէ, այլ «նահատակների ազգ»

«Ազգ-բանակ» կոնցեպտը, որի մասին ազդարարեցին նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որքանո՞վ է մեր իրականության մեջ հասունացած և որքանո՞վ է հիմնված միջազգային փորձի վրա: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ հրապարակախոս Անուշ Սեդրակյանը նշեց. «Ազգ-բանակ»-ի աղբյուրը իսրայելական պաշտպանական կոնցեպտն է, որն Իսրայելի համար աշխատել է հաջող: Իսրայելական կոնցեպտը ներառում է բազմաթիվ կետեր, երեք բան հիշեցնեմ. առաջին՝ «Ազգ-բանակ»-ի առանձնահատկությունն այն է, որ բոլոր այլ ծառայությունները՝ լինի օրենսդրական, թե դիվանագիտական, ենթական են պաշտպանական կոնցեպտին. պաշտպանական կոնցեպտը գերակա է, և իրականում դիվանագիտական կոմիտեները զբաղվում են Իսրայելի պաշտպանությամբ: Մեր «Ազգ-բանակ»-ը ենթադրո՞ւմ է արդյոք, որ մեր դիվանագիտությունը պետք է ենթարկվի պաշտպանական կոնցեպտին, թե՞ մեր դիվանագիտությունը շարունակելու է ենթարկվել Մոսկվային, եթե ենթարկվելու է Մոսկվային, ապա դա ազգ-բանակ չէ, այլ նահատակների ազգ է»: «Եվ երկրորդ կետը՝ որակ-քանակ հարաբերությունն է. ենթադրվում է, որ Իսրայելի թշնամին մեծաքանակ է, և Իսրայելը դրան հակադրում է որակը: Երրորդը՝ արագ արձագանքի իրավունքն է, որի համաձայն՝ արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր զինվորական պետք է կարողանա ինքը տեղում որոշում կայացնել»,- նշեց հրապարակախոսը և զուգահեռ անցկացնելով հայաստանյան իրականության հետ՝ շարունակեց. «Խաչատուրովը, որ նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մեր սահմանին ձգձգել է գործողությունների իրականացումը. Իսրայելում այդպիսի մարդիկ պատասխանատվության են ենթարկվում ռազմական տրիբունալի կողմից, իսկ ռուսական կոնցեպցիայով այդ մարդկանց պաշտոնն է բարձրացվում: Ուրեմն այդ պարագայում ինչպե՞ս ենք մենք «Ազգ-բանակ» կոնցեպցիան իրականացնելու: Մանրամասները՝ տեսանյութում: