Երեք նախագահներին էլ ասելիք կա, բայց ավելի շատ՝ Տեր Պետրոսյանին. Լևոն Շարաֆյան

Երեք նախագահներին էլ ասելիք կա, բայց ավելի շատ՝ Տեր Պետրոսյանին. Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը: -Պարոն Շարաֆյան, դրսից գնահատելով հետընտրական Հայաստանը՝ ի՞նչ տպավորություն ունեք: -Ոչ մի տպավորություն, ես իմ աչքով  չեմ տեսել, որ գնահատական տամ:  Պիտի խոսեմ՝ հենվելով բամբասանքների վրա, իսկ  ես չեմ ուզում զբաղվել բամբասանքներով, առավել ևս քաղաքականությամբ: Մինչև օրս ես չեմ կեղտոտվել և հիմա առավել ևս չեմ ուզում կողտոտվել: -Վարչապետը պարբերաբար դիմում է սփյուռքահայերին՝ գալ Հայաստանում քաղաքական, մշակութային, սոցիալական տարբեր ոլորտներում ներդրում անել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա դրսում բնակվող հայերին գայթակղում, որքանո՞վ եք իրատեսական համարում: -Շատ լավ միտք է, բայց պետք է անհատական հրավեր լինի և կոնկրետ նշվի, թե ինչի համար, որ ասպարեզում և որտեղ: Այստեղ կան լավ մասնագետներ, բժիշկներ, փաստաբաններ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ կան, բայց Հայաստանից լինի կոնկրետ անձանց հրավեր կոնկրետ աշխատանքի և կոնկրետ գործունեության համար: Իմիջիայլոց, ես շատ դրական կարծիք ունեմ վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ նա եղել է Ռուսաստանում Գազպրոմի նախագահի տեղակալ: Ես հետևում եմ նրա գործունեությանը, նա պինդ տղա է, եթե իհարկե չկոտրեն, չթուլացնեն նրան: Մինչև օրս փորձում են կոտրել, չի ստացվում, նրան փրկում է իր հումորը, նա հումորով տղա է: -Պարոն Շարաֆյան, եթե հասցեական առաջարկներ լինեին, նաև Ձեզ հետաքրքիր առաջարկ լիներ, կգայիք և կհաստատվեի՞նք Հայաստանում: -Այո, բայց ոչ ընդմիշտ, մի որոշ ժամանակով : Օրինակ՝ գալ մաստեր-կլաս անցկացնել Թատերական ինստիտուտում, կամ որևէ թատրոնում երիտասարդների հետ աշխատանք իրականանել, եթե դա պետք է՝ չնայած ես կասկածում եմ, որ դրա կարիքը կա: Ինձ առաջարկ եղավ գալ սերիալում նկարահանվել, բայց չեմ կարող գալ 8-9 ամիս նստել Հայաստանում, որովհետև ես այստեղ ունեմ իմ աշխատանքը, իմ ընտանիքը, շատ ու շատ հարցեր կան: Բայց եթե մեկ-մեկուկես ամսով ֆիլմ նկարահանվի, կարող եմ գալ նկարահանվել, գնալ, սա էլ ներդրում է: Չնայած այստեղ, երբ արվեստագետներս ներկայացումներ ենք անում, անպայման օտարազգի ներկայացուցիչներ ենք բերում ներկայացման, և շատերը գալիս են, և, այսպես ասած, մերձեցում է տեղի ունենում նրանց և մեր միջև՝ արվեստի միջոցով: Այստեղ ես ֆիլմում նկարահանվեցի, ամերիկացի ռեժիսորը հայի մասին ֆիլմ նկարեց, որի գլխավոր դերում հայ էմիգրանտն էր, միջազգային կինոփառատոնում մրցանակ ստացա: -Այսինքն՝ Դուք այդտեղ լիարժեք ռեալիզացվում եք… -Այո, լիարժեք ռեալիզացվում ենք և այն, ինչ-որ այստեղ անում ենք, դա նաև Հայաստանի պատիվն է, որովհետև որտեղ լինենք, ինչ էլ խոաենք, օրինակ՝ ես Բոստոնում եմ հարցազրույց տվել, Տորոնտոյում, հեռուստատեսությունում, նրանք գիտեն, որ ես հայ եմ, Երևանի դրամատիկական թատրոնի դերասան եմ: Սա շատ մեծ բան է: Մենք փորձում ենք, որպեսզի Հայաստանը արվեստի միջոցով ճանաչեն: Իսկ Հայաստանը եթե ուզում են ճանաչել, իրոք արվեստի միջոցով պիտի ճանաչել: Պետք է արվեստի մերձեցում լինի: Ինչու չէ, նույն ներկայացումը բեմադրել և այդտեղ և այստեղ, և դերասանների փոխանակում լինի, մի 3 հոգի գան այդտեղի կոլեկտիվի հետ խաղան, մի երեք հոգի այդտեղից գան այստեղի կոլեկտիվի հետ խաղան: -Այսինքն՝ աշխատանք է, որը չի արվում, մեծ հաշվով՝ բաց կա այդ առումով: -Այո՛, չի արվում: Ես սեպտեմբերին պետք է Հայաստան գամ, և հարցեր ունեմ տալու շատ մարդկանց: Երբ ասում են Սփյուռքը և Հայաստանը մի ազգ, մի ժողովուրդ են, ես հասկանում եմ, բայց հիշո՞ւմ եք, որ երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տվեցին, վայնասուն բարձրացավ, կարծես թե Արմենչիկի կոչումը ամբողջ Հայաստանի պրոբլեմն էր: Իսկ ինչո՞ւ վայնասուն չբարձրացավ, որ կոչում չունեն Պապին Պողոսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Ալլա Թումանյանը, Սալբի Մայիլյանը, Անահիտ Ներսեսյանը, Ռուբեն Թելունցը: Այստեղ արվեստի կարկառուն ներկայացուցիչներ են հավաքված: Արմենչիկի կոչումը դարձել էր համահայկական պրոբլեմ: Արմենչիկը գիտի, որ ես իր արվեստը չեմ ընդունում, դա շատ նորմալ է ընդունում: Բայց երբ կոչում ստացավ, շնորհավորեցի, ասաց՝ ես գիտեմ, որ իմ արվեստը չես ընդունում, ասացի, ցավդ տանեմ, չեմ ընդունում, բայց խնջույքներին, քեզ եմ լսում, ես հո Բախ, Բեթհովեն, Վերդի չեմ լսում հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, դու ես մեզ ուրախացնում, դու ես մեր ուրախությունը: Եվ այդ տղան, իրոք, 7-8 հազարանոց դահլիճներ է լցնում: -Պարոն Շարաֆյան, բայց ամենամեծ աղմուկը բարձրացավ հենց նրա համար, որ շատ հայտնիներ չեն ստանում վաստակավորի կոչում, ովքեր իսկապես մեծ ներդրում ունեն և իսկապես այդ կոչման տերն են, նրանք չեն ստանում և փոխարենը Արմենչիկն է ստանում: Ամենաշատն այս շեշտադրումն էր... -Սարսափելին այն է, որ աղմուկ բարձրացնում են նրանք, ովքեր արդեն ունեն այդ կոչումները, և ժողովրդական, վաստակավոր արտիստները վայնասուն բարձրացրին: Վայնասուն հանեիք նրա համար, որ իմ թվարկած մարդիկ կոչում չունեն, այ սրա մասին խոսեք, սրա մասին գոռացեք: Եթե Արման Հովհաննսիյանը կոչում է ստանում, իսկ ինչո՞ւ Արմենչիկը չստանա, ինչո՞վ է պակաս նրանից, եթե ոչ ավել... -Նրա դեպքում էլ աղմուկ բարձրացավ... -Նախ ես կողմ եմ, որ այդ կոչումներն առհասարակ հանվեն: Եթե այստեղ Ալ Պաչինոն, որի ներկայացումը վերջերս նայեցի և հիացա, կոչում չունի, կամ Դե Նիրոն կոչում չունի, հետո ի՞նչ, ԱՄՆ  ժողովրդական արտիստ չեն, բայց արտիստ են: Ես վաստակավոր արտիստի կոչումս ստացել եմ 35 տարի առաջ, ստացել ու մոռացել եմ, հավատացնում եմ ձեզ, ոչինչ ինձ չի տվել, ո՛չ շնորհք է տվել, ո՛չ փող, մենակ անունիս առաջ գրվում է, բայց երբ բեմ եմ դուրս գալիս Պապին Պողոսյանի, Ռազմիկ Մանսուրյանի հետ, կատեգորիկ արգելում եմ հայտարարել իմ կոչման մասին, որովհետև կողքիս կանգնած են մարդիկ, որոնք արժանի են կոչման, ես ոչ մի բանով առավել չեմ նրանցից: -Պարոն Շարաֆյան, վստահ եմ, որ դուք տեղյակ էիք՝ այս ընտրություններին շատ սփյուռքահայ մտավորականներ էին Հայաստանում, եկան և վերահսկեցին գործընթացը՝ Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանկյան և այլոք: Դուք ինչպե՞ս էիք հեռվից հետևում, նրանց աշխատանքը, ըստ Ձեզ արդյունավե՞տ էր: -Ես ուրախ էի, և այո, արդյունավետ էր: Գոնե որոշ մարդիկ զգաստանում էին նրանց ներկայությունից, ասենք Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի ներկայությունից: Չէր կարելի Ձախ Հարութին այդպես քարկոծել: Ֆիքսել էին պահը, որ նա երգի կատարման ժամանակ կռանում է, ասում են՝ նա գլուխը խոնարհում է Սերժի առաջ: Ասենք թե խոնարհվում է, հետ ինչ: Նա ուղղակի պատկառանք ունի դեպի պրեզիդենտ հասկացողությունը, կարող էր Սերժին սիրել-չսիրել, բայց նա պրեզիդենտ է: Քննադատեք, բայց մի վիրավորեք, չի կարելի անցնել անձնականին, կնոջը, երեխեքին, թոռներին: Քննադատելու այնքա՜ն բան կա, ես էնքան բան ունեմ ասելում, բայց ես որ հանդիպեմ, չեմ սկսի վիրավորել, ես պարզապես կփորձեմ հասկանալ նրան և հասկացնել իմ մտքերը, հասկացավ՝ հասկացավ, չհասկացավ՝ չհասկացավ: Ես շատ բան ունեմ ասելու Լևոն Տեր-Պետրոսյանին, որը զարմանալիորեն ազգը քանդեց, ավերեց, սպիտակ գենոցիդ սարքեց, բայց ինչպե՞ս է իր համար նորմալ ապրում է և հիմա էլ  քիթը խոթում է քաղաքականության մեջ, սա անբարոյականություն է նրա կողմից: Ես դա եմ ուզում իրեն ասել: Այն, որ ես հիմա Ամերիկայում եմ, դա իր շնորհքն է: -Երեք նախագահներին էլ ասելի՞ք ունեք: -Երեքին էլ ասելիք կա, բայց գիտեք, սկիզբը դրեց Լևոն-Տեր Պետրոսյանը, մյուսները կատարելագործեցին, ամեն ինչով անցան ուսուցչին: Ես դրա մասին չեմ ուզում խոսել, դա շատ կեղտոտ ասպարեզ է: Ես քանի որ հեռու եմ, ես չեմ ընտրել Ռոբերտին, չեմ ընտրել Սերժին, չեմ ուզում խոսել այդ մասին: Ես, ունենալով երկքաղաքացիություն, ինձ թույլ չեն տալիս, որ ես իմ խոսքն ասեմ ընտրության ժամանակ, բայց հետո պահանջում են, որ ես իմ խոսքն ասեմ քաղաքականության մասին, ես ի՞նչ կապ ունեմ առհասարակ քաղաքականության, պրեզիդենտի հետ: -Բայց չէ՞ որ եթե դուք չեք զբաղվում, քաղաքականությամբ, քաղաքանությունն է Ձեզնով զբաղվում: -Երբ նոր էի եկել այստեղ, ինձ քաղաքական ուժերը փորձեցին ներգրավել, ասում էին՝ արի խոսիր: Ասացի՝ ինչ- որ պետք է ես այնտեղ ասել եմ, իսկ հիմա այստեղից որ սկսեմ խոսել, դա ատամները թափած շան հաչոց կլինի, չեմ ուզում: Չեմ ուզում, ես չեմ կարող հեռվից փնովել իմ հայրենիքը: Ես կարող եմ փնովել, հայհոյել, ասել իմ կարծիքը, ունեմ դրա իրավունքը, ես ներդրում ունեմ հայրենիքում, ես կյանք եմ տվել իմ հայրենիքի համար: Մենք չլքեցինք մեր հայրենիքը, ամեն ինչ արեցին, որ մենք գնանք: 60-ականներին Իսրայելը հենց կազմավորվեց, միանգամից թրփոշացավ, որովհետև Իսրայել պետությունը երբ ստեղծվեց, բոլոր խելոքներին հավաքեցին, կոչ եղավ, և բոլորը գնացին Իսրայել, իսկ մեզ մոտ ի՞նչ եղավ, բոլոր խելոքները գնացին: Բարսեղ Թումանյանը գնաց Ղազախստան, հիմա կանչում են, ինչո՞ւ պիտի գա, ինչո՞ւ: Այս սրա մասին գրեք: Խելոքները բոլորը գնացին. Պապին Պողոսյանն այստեղ է, այստեղ են Լևոն Սևանը, Ռուբեն Թելունցը, Անահիտ Ներսեսյանը, Սալբի Մայիլյանը, Լևոն Աբրահամյանը… մեծ դերասանական մի խումբ կա այստեղ: Ես կարծում եմ, որ հայրենիքը վանեց: Ես լավ եմ հիշում Լևոնի խոսքը՝ մենք չենք կարող պահել այդքան մարդ, ընտանիքի անդամներից պետք է գնան դուրս, աշխատեն, փող ուղարկեմ, որ ընտանինքը պահեն: Եվ ես հիշում եմ, որ Էրեբունի հյուրանոցի մոտից մարդկանց ավտոբուսներով ձրի տանում էին Ռոստով, Տուապսե, Տագանրոգ, Սոխումի, Կրասնոդար… այդ մարդկանց փողն այնտեղ էին վերցնելու, նախօրոք պայմանավորվում էին, թե քանի հոգի տանեն, և ովքե՞ր էին գնում... ջահելությունը: Ջահել կինը՝ երեխան գրկին, սպասում էր, ջահել ամուսինը գնում է մի քանի ամիս, մի տարի աշխատում, մի ռուս աղջիկ էր «խփում» է կողքին, ապրում է հետը… հա փող է ուղարկում տուն, բայց այնտեղ էլ արդեն ամուսնանում է ուրիշի հետ, ընտանիքներ քայքայվեցին, շատ քչերն իրենց ընտանիքներին տարան, քչերը վերադարձան: Հայ ընտանիքները  քայքայվեցին: Բա դա թշնամությո՞ւն չէր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ամեամեծ թշնամությունն էր: Թուրքը նման բան հլը չի արել, ես հարգում եմ թուրքին, ինքը պարզ թշնամի է: Բա ինտելիգենտ մարդ, մատենադարանի կրտսեր գիտաշխատող… ես իրեն հավատում էի և ձայն եմ տվել նրան, նա 98-99 տոկոսով ընտրված պրեզիդետ էր, հասկանո՞ւմ եք, դա Գինեսի գրքի մեջ կարելի է նշել, և դու վեր ես կենում ասում ես՝ ես դեպրեսիայի մեջ եմ, չեմ կարող ղեկավարել: Բա դու իրավունք ունես առհասարակ ապրելու, և հիմա քիթդ խոթում ես քաղաքականության մե՞ջ: Եվ ասում է, որ հողերը պետք է վերադարձնեն և վերադարձնելուց հետո նոր նստեն պայմանավորվեն  և որոշեն Ղարաբաղի ստատուսը: Դա ադրբեջանցիներին է ձեռք տալիս: Ամբողջը տալ, հետո նստել և որոշել ղարաբաղի կարգավիճակը. Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում, ում պատվերն է կատարում, դա եմ ուզում իմանալ: Ու այս մարդը հանգիստ, առոք-փառոք ապրում է, երևի լավ էլ քնում է գիշերները, վեր չի թռնում: Իսկ ի՞նչ պատասխան է տալու Եռաբլուրում պառկած տղաներին, մեկը մեկից լավ, ոսկի տղաներին, մենակ ես 7 ընկեր եմ կորցրել: Ի՞նչ է նա պատասխան տալու,  նրանց աչքերը չեն հետապնդելո՞ւ իրեն կյանքում: