1983 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Բ*զ պետավտոտեսուչը մսագործի դանակով սպանել է աներոջն ու ծանր վնասվածք պատճառել կնոջը

1983 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Բ*զ պետավտոտեսուչը մսագործի դանակով սպանել է աներոջն ու ծանր վնասվածք պատճառել կնոջը

Դանիել Մ.-ն ապրում էր երևանամերձ գյուղերից մեկում: 1975 թվականին ծնողները ճոխ հարսանիք արեցին, ամուսնացրին Դանիելին: Դանիելն ու Աննան հարազատներով շրջապատված ու երջանիկ լինելու հույսերով՝ սկսեցին իրեն ընտանեկան կյանքը: Միմյանց հետևից ծնվեցին նրանց 3 երեխաները: Դանիելը շուտով ծառայության անցավ ՆԳՆ պետավտոտեսչության ստորաբաժանումներից մեկում՝ որպես գծային տեսուչ: Սակայն ընտանեկան երջանկություն չտիրեց Դանիելի ու Աննայի օջախում: Դանիելը շուտով լիովին բացահայտեց իր էությունը: Տանը նա բռնակալ ամուսին էր՝ ամեն չնչին առիթով ծեծում, նվաստացնում էր իր երեք երեխաների մորը, պահանջում էր, որ Աննան անտրտունջ կատարի իր «պրիկազները», ծպտուն չհանի, չբողոքի, լինի սուսուփուս և հնազանդ կին: Աշխատավարձն ու «հավելյալ եկամուտները» Դանիելը ծախսում էր ռեստորաններում, չարաշահում էր խմիչքը, զվարճանում էր թեթևաբարո կանանց հետ: Աննան մի քանի անգամ երեխաներին վերցրեց ու հեռացավ Դանիելից, վերադարձավ հայրական տուն, բայց ամուսնու հարազատներն ամեն անգամ նրան խնդրում-աղաչում էին վերադառնալ, ընտանիքը չքայքայել, հավատալ, որ մի օր Դանիելը «խելքի կգա» և կգնահատի ընտանիքն ու կնոջը: Դանիելը  նույնպես խոստումներ էր տալիս, նույնիսկ մի քանի օր իրեն օրինակելի էր պահում, բայց հետո նորից անցնում էր սովորական կենսակերպին: 1982 թվականի վերջին Դանիելը անթաքույց սիրային կապի մեջ մտավ երևանցի Գրետայի հետ:  Իր ամբողջ ժամանակը նա անց էր կացնում սիրուհու հետ: Մինչև անգամ սիրուհուն հրավիրեց իր օջախ՝ իր ծննդյան օրվա խնջույքին: Աննայի ամենափոքր դժգոհությանն անգամ Դանիելը պատասխանում էր նրան դաժան ծեծի ենթարկելով: Աննան վախենում էր միլիցիային դիմել, մտածում էր՝ ո՞ւմ դեմ բողոքի, չէ՞ որ ամուսինն էլ է միլիցիայի համակարգից: Երբ դանակը արդեն ոսկորին էր հասել, Աննան երեխաներին վերցրեց, գնաց հայրական տուն ու խնդրեց, որ հայրը խորհուրդ տա,  ստեղծված իրավիճակից մի ելք գտնեն: Աննայի հայրը ուրիշ ելք չգտավ, քան՝ Դանիելի ղեկավարությանը իրազեկելը: Նա դստերը վերցրեց, գնաց պետավտոտեսչության վարչության պետի մոտ ու խնդրեց կարգի հրավիրել անբարո կյանքով ապրող փեսային: Դանիելը, իմանալով աներոջ ու կնոջ բողոքի մասին, որոշեց դաժանորեն պատժել նրանց, վրեժխնդիր լինել ու... վերացնել՝ իր դեմ բողոքելու հանդգնության համար: 1983 թվականի դեկտեմբերի 20-ին Դանիելը տանից մի քանի դանակ, այդ թվում՝ մսագործի մեծ դանակը վերցրեց և գնաց աներոջ աշխատանքի վայր՝ երկաթգծի սլաքավարի տնակ: Այնտեղ Դանիելը երկար չզրուցեց աներոջ հետ, մսագործի դանակով 8 հարված հասցրեց նրան, սպանեց, ապա արյունոտ դանակը սրբեց ու գնաց սպանվածի տուն, քանի որ կինը հայրական տանն էր: Դանիելը կատաղի գոռոցով ներխուժեց այն սենյակ, որտեղ Աննան էր՝ երեխաների, եղբայրների ու հարևանուհու հետ: Մսագործի դանակը տարավ-բերեց ու երեխաների աչքի առաջ խփեց Աննայի գլխին... Աննայի եղբայրները կարողացան խանգարել Դանիելի հետագա գործողությունները, նրան թույլ չտվեցին նոր հարված հասցնել: Հիվանդանոց հասցված Աննայի կյանքը փրկվեց... ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Դանիել Մ.-ին դատապարտեց 15 տարի ազատազրկման: