Մեզ անպտուղ իշխանափոխություն պետք չէ. ՀՀԿ հիմնադիր անդամ

Չնայած բազմաթիվ խոստումներին, այնուամենայնիվ, իշխանությունները բազմաթիվ հնարավորություններ գտան՝ դիմելու նոր տեխնոլոգիաների՝ նոր մանիպուլյացիաների: Այս մասին «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում, գնահատելով խորհրդանական ընտրությունները, ասաց ՀՀԿ հիմնադիր անդամ Կարապետ Կարապետյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ հետընտրական զարգացումներ չեղան, Կ. Կարապետյանը նշեց, որ իշխանությունները նախահարձակ եղան՝ ձերբակալելով Սամվել Բաբայանին: «Մեզ անպտուղ իշխանափոխություն պետք չէ. եթե ընդդիմությունը գար իշխանության, բայց չփոխեր արտաքին և ներքին քաղաքական և տնտեսական ոլորտներում հարցադրումները, իշխանափոխությունն անպտուղ կլիներ»,- նշեց Կ. Կարապետյանը: Նրա դիտարկմամբ՝ հետընտրական զարգացումներ կլինեն երկու ուղղություններով. «Առաջինը՝ ոչ միայն ընդդիմության, այլ նաև մեր ազգի պարտքն է բացահայտել դեռևս չբացահայտված խախտումների տեխնոլոգիան, և երկրորդ՝ պետք է պարզել, թե ինչպես է, որ ՀՀԿ-ին աջակցելու համար 114 տնօրենների ապօրինի ցուցակագրումների փաստը չի գտնվում դատական գործընթացում: Այս անպատժելիությունը կբերի հայ ժողովրդի հիասթափության աստիճանի բարձրացմանը»: Կ. Կարապետյանի խոսքով՝ քանի որ հայ ազգի առաջ ծագած խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում, պետք է համագործակցել այս իշխանությունների հետ: Նրա կարծիքով՝ առաջնահերթ խնդիրներն են՝ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը, ղարաբաղյան հարցի սկզբունքային մոտեցումների փոփոխությունը՝ մադրիդյան սկզբունքներից հրաժարվելը, և համահայկական կառույցներ ստեղծելը: Անդրադառնալով ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, Կ. Կարապետյանն ընդգծեց, որ մարդկության առաջ ծառացած ամենակարևոր հարցը քաղաքակրթության հարցն է: «Մենք՝ ինքներս ենք մեզ դնում վասալի տեղ, մենք ինքներս մեր արժանապատվությունը գցում ենք. արտաքին քաղաքականության մեջ չպետք է վասալ լիենք: Եռանախագահները ղարաբաղյան հարցի լուծողը չեն, նրանք ընդամենը մասնակցում են կոնֆլիկտի կառավարմանը»,- նշեց Կ. Կարապետյանը:   Մանրամասները՝ տեսանյութում: