Երաշխիքներ չկան. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամը՝ «ԵՍ ԵՄ» ծրագրի մասին

Երաշխիքներ չկան. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամը՝ «ԵՍ ԵՄ» ծրագրի մասին

Պաշտպանության նախարարությունը դեռևս քննարկման նպատակով ներկայացրել է «ԵՍ ԵՄ» ծրագիր, որը նախատեսում է 3 տարի ժամկետային պայմանագրային ծառայություն վճարովի հիմունքներով: Մասնավորապես, ըստ ծրագրի, այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով՝ զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝
  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
 
  1. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու, կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում: Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ հնարավոր է ծրագիրն առաջին հայացքից գայթակղիչ թվա, բայց երաշխիքներ չկան, երաշխիքներ ներկայացված չեն, ինչը շատ կարևոր է: «Իմ կարծիքով՝ ցանկացած ծրագիր պետք է լինի համընդհանուր բոլորի համար, ոչ թե ընտրողաբար, մասնավորապես, եթե դա վերաբերում է բանակին ու կրթությանը: Ինձ համար ամեն ինչից կարևորը՝ իրավունքների պաշտպանությունն է, բանակում ոչ կանոնադրական պայմաներում զոհված զինծառայողների գործերի բացահայտումը: Այդ ամենից հետո միայն բանակի հանդեպ վերաբերմունքը կփոխվի: Իսկ կատարված հանցագործությունները շղարշելը բանակի մթնոլորտն ավելի կասկածելի են դարձնում ցանկացած քաղաքացու համար»,- ասաց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ծրագրի իրատեսականությանը, ապա Հովհաննիսյանի խոսքերով՝ այն չի գործել և ոչ մի երաշխիք էլ չկա, թե ինչպես է գործելու: «Օրինակ՝ Գևորգ Կոստանյանը, երբ որ նշանակվում էր գլխավոր դատախազ, հայտարարեց, որ անպայման կբացահայտի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բոլոր գործերը, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, բայց մենք տեսանք, որ մինչ այժմ ոչ մի գործ չի բացահայտվել: Նույնն էլ այս դեպքում է, երաշխիք չկա, թե սպաներին կտրամադրեն այդ գումարները բնակարանների կամ կրթության համար, թե նորից առաջ կգան կոռուպցիոն ռիսկեր: Նախադեպ էլ չկա, որ մենք վստահ լինենք, որ սա լավ ծրագիր է, այլ ոչ թե ասենք՝ քաղաքապետի ընտրություններից առաջ նախընտրական խոստում»,- նկատեց Հովհաննիսյանը: Եվ հետո, Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ իր համար հասկանալի չէ «ազգ-բանակ» կոնցեպցիան: «Ինձ համար հասկանալի չէ այդ կոնցեպտը, քանի որ ես բանակը համարում եմ պետության կառույցներից մեկը, որը կոչված է պաշտպանել այդ պետական միավորի սուվերենությունը: Այսինքն՝ իրավապաշտպանական կառույց է և այն բաժանել պետությունից, առավել կարևորել, կամ դրա հետ մեկտեղ տարանջատել նաև ազգ հասկացությունը և դնել այդ կոնցեպցիայի հիմքում, ինձ համար հասկանալի չէ»,- ասաց նա: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ «մինչև Զինված ուժերում, պետության մյուս բնագավառներում չփոխվի իրավիճակը՝ նման ծրագրերը որևէ էական նշանակություն չեն ունենալու, նման ծրագրի պատճառները բոլորովին այլ են, և հետևաբար այս առաջարկված լուծումն էլ ճարահատյալ քայլ է»:   Լուսանկարը՝  Photolure-ի