Թե ինչու Հայաստանում ներդրումներ չեն արվում. Փայլակ Հայրապետյանի պատասխանը վարչապետին

Թե ինչու Հայաստանում ներդրումներ չեն արվում. Փայլակ Հայրապետյանի պատասխանը վարչապետին

«Ուզում եք 100 հատ ներդրումային ակումբ բացեք՝ մինչև Հայաստանում այնպիսի պայմաններ չստեղծեք, որ ներդրողը վստահ լինի, որ իրեն չեն խաբի, չեն քցի, որ ինքը չի հայտնվի Փայլակ Հայրապետյանի կարգավիճակում, ոչ ոք ոչ մի ներդրում չի անի Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ նույն կառավարությունը չի պատժել իրեն խաբած նախկին վարչապետին, հոգևոր դասի ներկայացուցիչներին և մյուս մեղավորներին, չի կարողանա վստահության մթնոլորտ ստեղծել ներդրումների համար: «Եթե ուզում են, որ Հայաստանում ներդրումներ կատարվեն, առաջին հերթին պետք է լուծեն Հայաստանի ներդրողի իրավունքների պաշտպանվածության հարցը: Դա նշանակում է, որ պետք է լուծեն Հայրապետյան Փայլակի հարցը, մյուս-մյուսների հարցը ու մեղավորներին պատժեն: Բայց եթե ամեն ինչ իմ ձեռքից խլել են նախկին վարչապետը, Կճոյանը, մյուսները, իսկ պետությունը ինձ տեր չի կանգնել, չի պատժել նրանց, Հայաստանում ոչ մեկը ներդրում չի անի»,- ասաց գործարարը՝ հավելելով. «Վարչապետն ասում է, թե կախարդական փայտիկ չունի, բայց ես կարող եմ նրան ցույց տալ այդ փայտիկի տեղը: Կախարդական փայտիկը Հայաստանի ներդրողի պաշտպանությունն է. եթե դա լինի, ապա Հայաստանում կսկսեն ներդրումներ անել դրսի և ներսի մարդիկ, տնտեսությունը կծաղկի: Այ, դա կլինի իսկական կախարդական փայտիկ: Բայց եթե այդ կախարդական փայտիկը չի գործում ինձ համար, ոմանց՝ բանկին ու կճոյաններին հնարավորություն է տրվում ինձ մեկ տարում թալանել, քցել, կործանել, ապա բան չի փոխվի»,- նկատեց Հայրապետյանը: Գործարարի խոսքով՝ Հայաստանում ներդրումային ոլորտներ կան՝ թեթև արդյունաբերություն, շինարարություն և այլ ոլորտներ: Պետք է գործարաններ կառուցել և այն հումքը՝ պղնձի, մոլիբդենի, որը արտահանվում է, ներսում մշակել ու երկու անգամ թանկ գնով արտահանել դուրս: «Շատ ոլորտներ կան, գաղափարներ, բայց լուրջ մոտեցում է պահանջվում, երկրում մթնոլորտ փոխել է պահանջվում, բանկերի «գյամերը» քաշել է պահանջվում: Այսօր բանկերը երկրում բիզնեսի փակման թիվ մեկ պատճառներն են: Մարդկանցից խլում են ամեն ինչ՝ տուն, բիզնես, գույք, վերջին ունեցածը: Բայց դա չի կարող այդպես լինել: Պետությունը պետք է միջամտի դրան, թույլ չտա, որ բանկերը մարդկանց սնանկացնեն: Ասածս այն է, որ քանի դեռ երկրում այս մթնոլորտն է, այս վիճակն է, չակնկալեք, որ որևէ խելամիտ ներդրող, բիզնեսմեն կգա ու իր փողերը կդնի Հայաստանում»,- եզրափակեց Հայրապետյանը: Նշենք, որ նման մի հավաքի ժամանակ էլ 2009 թվականին կառավարությունում քննարկվում էր Հայաստանում 10 հազար աշխատատեղ ստեղծելու գաղափարը: Մասնավորապես, պետք է Աֆրիկայից ադամանդի հումք բերվեր և Հայաստանում մշակվեր: Փայլակ Հայրապետյանը ոգևորվելով այս գաղափարով՝ իր ամբողջ ունեցվածքը գրավադրել էր «Ամերիաբանկում», որպեսզի ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ներկրեր այդ հումքը: Սակայն Հայրապետյանի գրավի դիմաց բանկի տրամադրած միլիոններով օֆշորային գոտում հաշվեհամարներ էին բացվել, և այդ գումարները փոխանցվել էին այդ հաշվեհամարներին: Արդյունքում Հայրապետյանի ամբողջ ունեցվածքն անցավ բանկին, բանկը դրա մեծ մասն արդեն վաճառել է, իսկ սնանկացած Հայրապետյանը փորձում է դատական կարգով վերականգնել արդարությունը: