Սերժ Սարգսյանի ծրագիրը, որից տեղյակ է Վիգեն Սարգսյանը

Սերժ Սարգսյանի ծրագիրը, որից տեղյակ է Վիգեն Սարգսյանը

Նախօրեին պատասխանելով լրագրողների հարցին՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական հնարավոր կարգավիճակի և պաշտոնի վերաբերյալ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տվել է հետաքրքիր մի պատասխան: Նա ասել է, որ եթե լիներ հանրայնացման ենթակա որոշում այդ կապակցությամբ, ապա իրենք կգտնեին դա ներկայացնելու ձևը: Այս պահին հանրայնացման ենթակա որևէ որոշում չկա, հայտարարել է պաշտպանության նախարարը: Իսկապես, ուշագրավ հայտարարություն է, որն առաջին հերթին, իհարկե, հարց է առաջացնում՝ իսկ հանրայնացման չենթակա, կամ ավելի շուտ դեռևս հանրայնացման չենթակա որոշում կա՞, Վիգեն Սարգսյանը տեղյա՞կ է նման որոշման մասին, կամ տեղյա՞կ է, վստա՞հ է, որ չկա նաև հանրայնացման չենթակա որոշում: Որովհետև, հանրայնացման ենթակա որոշում չլինելը, դեռ չի նշանակում, թե որոշում չկա ընդհանրապես: Կարող է լինել, բայց չլինել հանրայնացման ենթակա: Հետևաբար հետաքրքիր է, թե ինչ գիտի այդ մասին Վիգեն Սարգսյանը: Որովհետև ուշագրավ է նաև, որ նա Սերժ Սարգսյանի որևէ պաշտոնի կամ կարգավիճակի վերաբերյալ հարցին տալիս է մի պատասխան, որը ենթադրում է, որ Վիգեն Սարգսյանը չի թողնում որևէ տարբերակ՝ երբ ինքը կարող է տեղյակ չլինել որևէ որոշումից: Ի վերջո, պաշտպանության նախարարը կարող էր ասել, որ դա Սերժ Սարգսյանի գործն է, նա ինքն է տնօրինում իր ապագա ծրագրերը, հետևաբար նաև պատկերացումները կամ մտադրությունները այս կամ այն կարգավիճակի վերաբերյալ: Մինչդեռ Սարգսյանն ասում է, որ եթե լիներ որոշում, ապա կպահեին տեղյակ: Այսինքն, նա, փաստորեն, վստահաբար նշում է, թեկուզ տողատակում, որ ինքը որևէ որոշման դեպքում անպայման տեղյակ կլիներ: Ահա այդ առումով, պաշտպանության նախարարը իր հայտարարության կամ պատասխանի ենթատեքստում փոխանցում է միտքը, որ հանդիսանում է Սերժ Սարգսյանի «լիազոր ներկայացուցիչ», և Սերժ Սարգսյանի որոշումը որևէ հեռանկարի վերաբերյալ այլևս միայն Սերժ Սարգսյանի «գաղտնիքը» չէ, այլ նաև Վիգեն Սարգսյանի: Դրանով էլ Սարգսյանի խոսքում կամա, թե ակամա արձանագրվում է ակնարկը, որ ինչ որ սցենարներ կամ տարբերակներ այդուհանդերձ կան և դրանց գոնե Վիգեն Սարգսյանն ինքը տեղյակ է, պարզապես դեռևս չկա որևէ մեկը հրապարակայնացնելու որոշում:   Լուսանկարը՝  Photolure-ի