Վանաձորցի սեռավարակ Քրիստինեն ամուսնու «սիրուհուց» փող է շորթել՝ սպառնալով «գլուխը ուտել»

Վանաձորցի սեռավարակ Քրիստինեն ամուսնու «սիրուհուց» փող է շորթել՝ սպառնալով «գլուխը ուտել»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Քրիստինե Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: 37-ամյա Քրիստինեն «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատողներից էր: Նրան մեղադրանք էր առաջադրված մարդու առևանգման և շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 182 հոդվածի 1-ին մասերով: Ըստ դատական ակտի՝ Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին (անունը փոխված է) կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար: Ամուսնու և Քնքուշի հարաբերությունները հենց Քնքուշից  պարզելու նպատակով, Քնքուշի հետ խոսելու մտադրությամբ 2016 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում  Քրիստինեն իր «ՎԱԶ-21015» մեքենայով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Վանաձորի մշակույթի պալատի մոտ: Նա հանդիպել է Քնքուշին ու առանց մեքենայից իջնելու առաջարկել է, որ Քնքուշը մեքենա նստի, մեքենայի մեջ զրուցեն: Հենց որ Քնքուշը նստել է մեքենայի առջևի նստատեղին, Քրիստինեն փակել է մեքենայի դռները և Քնքուշի կամքին հակառակ նրան առևանգել է՝ մեքենայով տեղափոխել է Վանաձորի վերջնամասի անմարդաբնակ վայր, ապա տեղափոխել է քաղաքի այլ  հատվածներ: Ճանապարհին Քրիստինեն Քնքուշի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել է, թե նրա «գլուխը ուտելու է», նա «տուն չի հասնելու»: Երբ գտնվել են քաղաքի ամայի ծայրամասում, Քրիստինեն նկատել է, որ ամուսինն ընկերոջ մեքենայով եկել է Քնքուշին օգնելու: Քրիստինեն իր մեքենան արագ վարել ու հեռացել է, ամուսինը չի հասցրել նրան հետապնդել ու կորցրել է տեսադաշտից: Ամուսնու կողմից Քնքուշի համար մտահոգվելը, քաղաքի ծայրամաս հասնելը Քրիստինեին ավելի են զայրացրել: Նա աջ ձեռքով հարվածել է Քնքուշի դեմքին, պատճառել է քթի ձախ մասի քերծվածք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Ըստ դատական ակտի՝ «չբավարարվելով Քնքուշի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ գործադրելուց, նրան այլ կերպ ևս պատժելու նպատակով Քրիստինեն որոշել է նրանից գումար շորթել՝ նաև գույքային վնաս հասցնել նրան: Քրիստինեն իր այս նպատակին հասնելու համար Քնքուշին անհիմն մեղադրել է իր ամուսնուն, վերջինիս միջոցով նաև իրեն սեռավարակով վարակելու համար: Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, պատճառաբանելով, թե բուժման համար իրեն գումար է պետք՝ Քրիստինեն Քնքուշից պահանջել է 100 հազար դրամ: Համոզվելով, որ Քնքուշն ի վիճակի չէ պահանջված գումարը ճարելու, Քրիստինեն սակարկել ու գումարը նվազեցրել է մինչև 30 հազար դրամը: Նա սպառնացել է այդ գումարը չտալու դեպքում իրականացնել իր սպառնալիքները: Իր կատարածի համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու, իր արարքը քողարկելու նպատակով Քրիստինեն ստիպել է, որ Քնքուշը գրություն գրի՝ նրան 30 հազար դրամ պարտք լինելու վերաբերյալ: Քրիստինեի պահանջած գումարը հայթայթելու համար Քնքուշը զանգել է իր ծանոթներին ու հարազատներին: Ժամը 16-ի սահմաններում Քնքուշը կրպակներից մեկի աշխատակցուհուց վերցրել է մոր թողած 30 հազար դրամը և տվել է Քրիստինեին: Միայն դրանից հետո Քրիստինեն թույլ է տվել, որ Քնքուշը դուրս գա մեքենայից ու հեռանա: Դատարանում Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինեի խնամքին է մանկահասակ՝ 10 ամսական 1 երեխա: Տուժողը Քրիստինեի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել: Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինե Հ.-ին մեղավոր է ճանաչել: Առևանգման համար Քրիստինեն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ շորթման համար՝ 500 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռել է առևանգման համար նշանակված 2 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Քրիստինեն: Նա բողոքեց, որ առաջին ատյանի դատարանն իր նկատմամբ նշանակել է ակնհայտ խիստ պատիժ: Քրիստինեն նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչել, մեղսագրված արարքները կատարել է «ընտանիքը չքայքայելու նպատակով՝ որպեսզի ամուսնուն հեռու պահի տուժողից»: Քրիստինեն դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ տուժողն իր դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել, նաև խնդրել է իրեն մեղմ պատժել: Քրիստինեն նշեց, որ չի աշխատում, նյութական ծանր վիճակում է, ամուսինը նույնպես չի աշխատում, իր խնամքին է մանկահասակ երեխան, խնամում է նաև ամուսնու հորը, այդ ամենից բացի՝ բնակարան էլ չունեն... Նման պայմաններում ինքն ի վիճակի չէ վճարել նշանակված տուգանքը, առնվազն՝ պետք է վերադառնա նախկին աշխատանքին, որ կարողանա ընտանիքը պահել և տուգանք վճարել... Ամբաստանյալը խնդրեց պատժի մասով փոփոխել դատավճիռը, իր նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակել: Մեղադրող դատախազ Վ. Դոլմազյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ ու խնդրեց մերժել այն: Վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ մարդու առևանգման համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ, ու Քրիստինե Հ.-ի նկատմամբ սահմանվել է նվազագույն պատիժը՝ 2 տարի ազատազրկում, դա էլ պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան: Ըստ վերաքննիչ դատարանի եզրակացության՝ «գործով ձեռք չեն բերվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար»: Շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, նախատեսված է տուգանքի ձևով պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 4 տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանը Քրիստինեի նկատմամբ առավել մեղմ պատժատեսակն է կիրառել՝ տուգանքը, սահմանել է նվազագույն չափին մոտ տուգանք: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Մ. Պապոյան, Ա. Դանիելյան կազմով, մերժեց Քրիստինե Հ.-ի վերաքննիչ բողոքը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ: