ՄԻՊ-ը պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու չվախենա, որ ուժային կառույցները կըմբոստանան իր դեմ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: -Պարոն Մելիքյան, անդրադառնանք ՄԻՊ-ի՝ այսօր հրապարակած արտահերթ զեկույցին, որը նվիրված է հուլիսյան իրադարձություներին, մասնավորապես հուլիսի 21-ին ՊՊԾ գնդի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերին: Հետաքրքիր է, որքանո՞վ են ԶԼՄ-ների ներկայացուցիչների վերաբերյալ գնահատականներն օբյեկտիվ և ինչքանո՞վ են արտացոլում այն մտահոգությունները, որ նաև Դուք ունեիք: -ՄԻՊ-ի անդրադարձը և զեկույցը ինչ-որ առումով ժամանակավրեպ են և շատ ուշացած: Այդ թեմաներով արդեն բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել՝ ոչ պակաս ընդգրկուն, որոշ դեպքերում անգամ շատ ավելի մանրամասն, այդ թվում՝ նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է երկու անգամ անդրադարձել, մի շարք իրավապապաշտպան կառույցներ են անդրադարձել և հրապարակել զեկույցներ: Մտահոգություն էր առաջացրել այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանը մանրակրկիտությամբ չէր անդրադարձել և դեռևս իր զեկույցը չէր ներկայացրել: Իհարկե այսքան ժամանակ անցնելուց հետո միգուցե դա կորցնում է իր հրատապությունը, մանավանդ որ ժամանակին շատ օպերատիվ աշխատանքի դեպքում միգուցեև այդ զեկույցը դրական ազդեցություն ունենար նախաքննության վրա, մինչդեռ, մեր գնահատմամբ, նախաքննությունը շատ ձևական է ընթանում և ոչ էֆեկտիվ, և, մեր կարծիքով, հիմա նույնիսկ դոփում է տեղում՝ այն առումով, որ անցած տարվա հոկտեմբերից հետո որևէ նոր կասկածյալ, նոր մեղադրյալ ի հայտ չի եկել... Առիթ եղավ, ես նշեցի, որ գոնե լրագրողների մասով, ես խիստ քննադատաբար եմ մոտենում ՄԻՊ-ի գործունեությանը, շատ ավելի ակտիվ քայլեր էի ակնկալում՝ ավելի խարիզմատիկ դրսևորումներով: Այսօր ՄԻՊ-ը արտահերթ զեկույց հրապարակեց և մամուլի ասուլիսով հանդես եկավ: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: ՄԻՊ-ի որոշ գնահատականների, դիրքորոշումների հետ համաձայն չեմ, մասնավորապես առ այն, որ այդ ցույցը խաղաղ բնույթ չէր կրում և այլն, բայց կանդրադառնամ զուտ լրագրողների մասով տրված գնահատականներին: Այսքան երկար աշխատած լինելով տուժած լրագրողներին վերաբերող մասի վրա՝ այդ զեկույցում, այնուամենայնիվ, կան լուրջ անճշտություններ: Մասնավորապես ՄԻՊ-ը նշում է, որ հուլիսի 19-ից սկսած են եղել լրագրողների իրավունքների խախտումները, նրանց նկատմամբ խախտումները, աշխատանքի խոչընդոտումը, մինչդեռ մեր արձանագրած փաստերով գիտենք, որ առաջին իսկ օրվանից են եղել՝ հուլիսի 17-ին և 18-ին ևս արձանագրվել են դեպքեր Ազատության հրապարակում, Խորենացի փողոցում: Միշտ չէ, որ այսպիսի երկար աշխատանքը լինում է մանրակրկիտ և ստույգ: ՄԻՊ-ը և իր գրասենյակը որոշ փաստեր չեն նկատել, ցավոք: Մեր զեկույցներում կան կոնկրետ փաստեր, թե որ լրագրողն ինչպես է տուժել և ինչ է պատմել այդ մասին... ՄԻՊ-ը պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու չվախենա, որ ուժային կառույցները կըմբոստանան իր դեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում