Ինչպես է Յուվեցի Կարոն յուրացրել «Վինար»-ի արտադրանքը և ինչ կապ ունի նա գործարանի սնանկացման հետ

Ինչպես է Յուվեցի Կարոն յուրացրել «Վինար»-ի արտադրանքը և ինչ կապ ունի նա գործարանի սնանկացման հետ

«Վինար» ընկերության կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործների պարտքը դեռևս չի մարել, ինչն էլ երեկ կրկին քաղցրաշենցիներին հավաքել էր կառավարության շենքի առաջ: Գյուղացիները պահանջոմ էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ հանդիպեց գյուղացինեի հետ, սակայն ոչինչ չխոստացավ: Նախարարը անդրադառնալով «Վինար» ընկերության շուրջ ստեղծված աղմուկին՝ նշել է, որ պետք է վարչապետի, իրավապահ մարմինների հետ քննարկում անեն, հասկանան՝ ինչ լուծում են տալիս այս խնդրին: «Լծակ կա ազդելու, բայց գումարը տալու լծակ չկա»,- ասել է նախարարը: Նշենք, որ «Վինար»-ի հետ կապված գյուղնախարարությունը դիմել է դատախազություն՝ ստուգելու համար ընկերության վճարունակությունը: Դատախազությունը նյութեր է նախապատրաստել, գործ է հարուցել, և պարզվել է, որ «Վինար» ընկերությունը վճարունակ է, բայց խնդիրներ կան՝ կապված գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հետ, որի կողմից գործարանի ապրանքները յուրացվել են: «Վինար» ընկերությունն էլ դիմել է իրավապահ մարմիններին ապրանքի յուրացման հետ կապված, և ներկայումս քննություն է գնում: Այս գործընթացները, գործարանի տնօրենի խոսքով, երկարացնում են պարտքի մարման գործընթացը Երեկ կառավարության դիմաց քաղցրաշենցիների բողոքի ակցիայից հետո «Վինար» գործարանի տնօրեն Ավետ Գալստյանն անմիջապես հրավիրվել է գյուղատնտեսության նախարարություն: Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախարարությունում հիշեցրել է, որ ՊԵԿ-ի հետ համատեղ իրենք ունեն պարտքի մարման ժամանակացույց և այդ ժամանակացույցով էլ շարժվում են: «Մենք ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ 4 ամսվա մեջ այդ գումարները պետք է փակվեն: Ժամանակացույց ենք կազմել, ըստ որի՝ մարտ ամսին 12 միլիոն պետք է մարվի, ապրիլ ամսին՝ կրկին 12 միլիոն, մայիսին՝ 18 միլիոն դրամ, և 15 միլիոն 800 հազար դրամ՝ հունիս ամսին: Ոնց որ պայմանավորվել ենք ՊԵԿ-ի հետ, մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց մենք չենք կարող միանգամից բոլոր գումարները տալ: Մարտ ամսին 12 միլիոնը փակվել է, որից 5 միլիոնը՝ Քաղցրաշեն գյուղին, 5 միլիոն՝ Այգեզարդին և մյուս գյուղերին: Այս՝ ապրիլ ամսին փակվելու է Շահումյան, վերին Արտաշատ, Նարեկ, Այգեպատ գյուղերին 12 միլիոնի չափով: Ամեն ինչ ժամանակացույցով է, բայց քաղցրաշենցիները, ինչպես միշտ, չհամբերեցին և նորից գնացին կառավարության առաջ»,- ասաց ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը: Նշենք, որ պարտքի մարմանը զուգահեռ՝ դատարանի որոշմամբ սնանկության վարույթ է սկսվել, օրենքով սահմանված կարգով տնօրենի գործառույթները փոխանցվել են սնանկության կառավարչին, սակայն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դատարանում խնդրել է, և դատավորն էլ ընդառաջել է, որ ինքը զբաղվի ընկերության գործերով և մարի գյուղացիների պարտքերը: «Սնանկության գործընթացի դեպքում ամեն ինչ շատ է երկարում, բացի այդ, գյուղացիները պետք է անհատապես դիմեն դատարան, որպեսզի ստեղծված գումարներից աստիճանաբար փակվի նրանց պարտքը: Բայց ես խնդրել եմ դատավորին, որ առանց դատարանի որոշման, առանց պարտատերերի գրանցման ես գյուղացիների հարցերը լուծեմ, քանի որ նրանք շատ են տանջվել մեր պատճառով: Ես պատասխանատու մարդ եմ և թույլ չեմ տա սնանկության պատճառով գյուղացիների փողերը չմարվեն կամ այդ գործընթացը երկար տևի: Ես այդ խնդրանքով երեկ դիմել եմ նաև գյուղնախարարին»,- ասաց Գալստյանը: Նշենք, որ երեկ գյուղնախարարը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, ու այս իրավիճակից ելք չկա»։ «Վինար»-ի տնօրենի խոսքով, սակայն, գոյություն ունեցող 3 տեսակի լիցենզիաներից՝ արտադրության լիցենզիա, խաղողի օղու ու մրգային օղու արտադրության լիցենզիա և կոնյակի շշալցման լիցենզիա, ընկերությունը չունի միայն կոնյակի շշալցման լիցենզիա, քանի որ կոնյակի շշալցում չի իրականացնում: «Մենք դրա կարիքը չունենք, դրա համար էլ չենք վերցրել այդ լիցենզիան: Ես երեկ նախարարին բացատրեցի այս ամենը, որ մեր գործունեությունը օրինական է»,- ասաց Գալստյանը: Ինչպես արդեն նշեցինք, գործարանը պատկանում է Կարո Կարապետյանին, ով խնդրի ծագման օրվանից հայտարարում է, որ ինքը դրա հետ կապ չունի, վարձակալությամբ են տվել տարածքը և վախձակալողներին չեն էլ ճանաչւոմ: «Էտի վարձակալությամբ են վերցրել: «Վինարի» հետ ընդհանրապես կապ չունենք, չենք ճանաչում նրանց: Ոնց որ ձեր տունը վարձով տաք, բերեն-մարդ մորթեն, ասեն՝ դու ես պատասխանատու: Կլինի՞ տենց: ...նա է մթերել, թող նա էլ ժողովրդի փողերը տա»,-հայտարարել է պատգամավորը: Նշենք, սակայն, որ Կարո Կարապետյանը այնքան էլ անմասն չէ «Վինար»-ի շուրջ ստեղծված աղմուկից: Մեզ հասած տեղեկություններով՝ Կարո Կարապետյանը իր աշխատակիցների միջոցով գիշերով գողացել է գործարանի տարածքի ամբողջ արտադրանքը, որից հետո յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել, և որպես պատասխանող ներգրավվել է Կարո Կարապետյանի ընկերությունը: Ավետ Գալստայնը, սակայն, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ գողության մանրամասներին՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կպարզեն եղելությունը, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: «Ես չեմ ուզում դրա մանրամասներին անդրադառնալ, քանի որ քննություն է գնում, միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ Կարո Կարապետյանի հայտարարելով չի, նա ինչ ուզի՝ կհայտարարի, բայց դա չի նշանակում, որ իր ասածը ճշմարտություն է: Այստեղ կարևորը գյուղացիների հարցն է, որը, ինչպես արդեն նշեցի, ժամանակացույցով սահմանված կարգով մարվում է: Պարզապես պետք է համբերել մինչև հունիս ամիս»,- ասաց Գալստյանը: 30 տարի շարունակ խաղողի մթերմամբ զբաղվող Ավետ Գալստանն այս տարի այլևս մթերում չի իրականացնի: Ցանկանում է շուտափույթ մարել գյուղացիների պարտքն ու փակել էջը: 2016 թվականի մթերումն իր համար առողջական մի շարք խնդիրներ է արժեցել: Նշենք, որ խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունները, գործարանները հայտնվեցին այս վիճակում մեծամասամբ հենց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատճառով: Անցած տարվա առատ բերքի պայմաններում, երբ գյուղացիները մթերում չէին կարողանում իրականացնել, ճանապարհ էին փակում, վարչապետն այցելում էր գյուղ, գործարարներին հորդորում մթերել բերքը՝ «հետո լավ կլինի» հույսով: Գործարարներն էլ, որոնք դեռևս չէին կարողացել իրացնել նախորդ տարվա արտադրանքը, մթերեցին և արդյունքում հայտնվեցին փաստի առաջ՝ չկարողացան վճարել մթերման գումարները: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը երեկ անդրադառնալով այս հարցին՝ հայտարարել է. «Ով որ ստիպել է մթերում իրականացնել, դե ուրեմն թող տեր կանգնի, ինչ ասեմ»:   Լուսանկարը ՝  News.am-ի