Հարկային տեսուչները կշարունակեն մնալ առևտրի կենտրոններում. առևտրականները կպայքարեն

Այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից: Առևտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդների պայուսակներն են ստուգում, պահանջում են կտրոններ: Առևտրականների խոսքով՝ ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է: Տոնավաճառների աշխատակիցները համաձայնեցին հանդիպել վարչապետի` հարկային խնդիրները համակարգող օգնականի հետ՝ քննարկելու իրենց պահանջները: Կառավարության շենք բարձրացան ցուցարարներից երեք հոգի: Քիչ առաջ ավարտեց մեկ ժամ տևած հանդիպումը։ «Ներկայացնելով մեր խնդիրները՝ ասացի, որ պատրաստ չենք փաստաթղթով աշխատելու։ Իրենք ասում են, որ նոր օրենքի համաձայն բոլորը պետք է ՀԴՄ կտրոններ տպեն։ Ես բացատրեցի, որ առայժմ առևտուրն այդքան լավ չէ, մարդիկ ստիպված են քիչ ՀԴՄ կտրոններ տպում։ Ասում են՝ հարկերը պետք է ճիշտ ձևով վճարվեն, աշխատողները պետք է գրանցվեն...», - ներկայացնելով հանդիպման մանրամասները՝ ասաց վարչապետի խորհրդականի հետ հանդիպման գնացած առևտրականը: «Պատրա՞ստ ենք իրենց հետ համագործակցելու»,- նրա այս հարցին ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Ո՛չ»: Մանրամասները՝ տեսանյութում: