ՀՅԴ-ն ՀՀԿ-ի վրա «էժան է նստում», իսկ «Ծառուկյան» դաշինքը կլինի «ջոկեր»

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի վրա «էժան է նստում», իսկ «Ծառուկյան» դաշինքը կլինի «ջոկեր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ - Պարոն Հակոբյան, ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո Շարմազանովը կարծես հստակեցրել  է, որ ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը նորից կոալիցիա կկազմեն։ Ինչո՞ւ է հիմա Հանրապետականին անհրաժեշտ այդ կոալիցիան, չէ՞ որ  կարող է նաև միայնակ կառավարություն ձևավորել, չկան այն ներքին ու արտաքին խնդիրները, որ կար այդ ուժի հետ նախորդ համագործակցությունը ձևավորելիս։ - Հայաստանում գրեթե միշտ իշխանական կոալիցիաները ոչ թե ձայներ չհերիքելու պատճառով  են ձևավորվում,  այլ  պարզապես քաղաքական որոշակի գործընթացի ձևավորման անհրաժեշտություն են։  Այս որոշումը ևս անակնկալ չէր, նախորդ համաձայնագիրն անժամկետ էր։ - Այն ժամանակ որոշ խնդիրներ էր լուծում ՀՀԿ-ն, իսկ հիմա՞։ - Նոր Սահմանադրությամբ շատ հարցեր կան, որ անհրաժեշտ է  ձայների երկու երրորդը կամ երեք հինգերորդը։ Ես կարծում եմ, որ զուտ պրագմատիկ առումով Դաշնակցությունը երաշխավորում է խորհրդարանում Հանրապետականի քվեարկությունների դրական ընթացքը։ Երկրորդը՝ Հանրապետականը եկել է այն եզրակացության, որ շատ ավելի նպատակահարմար է Դաշնակցությանը մոտիկ պահել, քան վերահսկողությունից դուրս։ Դա, այսպես ասած, «շատ ավելի էժան է նստում»։ Անկախ ամեն ինչից՝ Դաշնակցությունը միջազգային  կառույց է և Սփյուռքում որոշակի ազդեցություն ունի։ Ի վերջո, Դաշնակցության հետ կոալիցիան Հանրապետական կուսակցությանը, պատկերավոր ասած, քաղաքական որոշակի երանգ է հաղորդում։ - Իսկ ինչո՞ւ ոչ «Ծառուկյան» դաշինքը. 2012-ին պե՞տք էր, հիմա՝ ո՞չ։ Հասկանալի է, որ այդ ուժը արմատական ընդդիմություն չի լինելու։ - Հենց այդ պատճառով էլ պետք չէ՝ չի լինելու արմատական ընդդիմություն։ Ինչպես որ 2012-ից հետո՝ դե յուրե լինելու է ընդդիմություն, այլ ձև չի կարող լինել՝ ըստ Սահմանադրության։ Իսկ դե ֆակտո լինելու է  նույն այլընտրանքը, ինչ եղել է։ Ինքը պետք չէ հենց նրա համար, որ լինելով բուֆերային իրավիճակում՝ հնարավորություն  է տալիս որոշ տարբերակներում, եթե ինչ-որ նոր իրավիճակներ ստեղծվեն, Սերժ Սարգսյանին պետք լինի այլ կոնֆիգուրացիա ձևավորել, ապա կարող է փորձել օգտվել «Ծառուկյան» դաշինքի ծառայություններից՝ այլ կոալիցիաներ ձևավորելու համար։ Որոշակի իրավիճակներում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ իշխանության ներսի սրացումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքը կարող է  նոր գործոն լինել Սերժ Սարգսյանի ծրագրերում։ Մի փոքր պատկերավոր ասեմ՝ կարող է «ջոկեր» դառնալ։ Դա Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ մանևրելու հնարավորություններ է ստեղծում։ - Այս դեպքում նաև չե՞ն պակասում իսկապես ընդդիմադիր ուժի՝ «Ելքի» հնարավորությունները խորհրդարանում՝ հանձնաժողովներում, պատվիրակություններում ներկայացվածության առումով։ - Ձեր նշածի մեջ, իհարկե, կան ճշմարտության էլեմենտներ, բայց կարծում եմ՝ կփորձեն «Ելքին» էլ շատ չնեղացնել այդ առումով։ Ինչ-որ չափով ներկայացված կլինի նաև «Ելքը», բայց հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը՝ այդ ներկայացվածությունը չի կարող «Ծառուկյան» դաշինքից ավելի լինել։ Ձեր նշածն, իհարկե, կլինի։ Հիմա, օրինակ, խորհրդարանի նախագահի տեղակալ պետք է ընտրեն, և զարմանալի չի լինի, եթե դա լինի հենց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը, դժվար թե դա զիջեն «Ելքին»։ Բայց   մնացած հարցերում՝ հանձնաժողովներ, պատվիրակություններ, ես կարծում եմ, որ կփորձեն լեզու գտնել։   Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի