«Ազգ-բանակը» չի տալիս հավելյալ իշխանական հնարավորություններ. Մոդեստ Կոլերով

«Ազգ-բանակը» չի տալիս հավելյալ իշխանական հնարավորություններ. Մոդեստ Կոլերով

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանում «ազգ-բանակ» մոդելը ներդնելու գաղափարը՝ ասելով, որ եթե այն իսկապես ազդեցություն ունենա, ապա կհանգեցնի փոփոխությունների Իսրայելի օրինակով: Խոսելով հարցի շուրջ՝ Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե «ազգ-բանակ» կոնցեպտը ծնվել է 18-րդ դարի վերջին. այն ստեղծել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. «Կարելի է ասել, որ սա ցանկացած ժամանակակից հասարակության ֆունդամենտալ սկզբունքն է: Որևէ մեկը նոր բան չի հորինել:» Քաղաքագետը քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական հետևանքներ չի տեսնում Հայաստանում «ազգ-բանակ» մոդելի կիրառումից՝ ներքաղաքական իմաստով կամ իշխանության ներսում զինվորական թևի ուժեղացման իմաստով, ասելով, որ այդ մոդելին անցնելու որոշման պատճառը արտաքին վտանգի ըմբռնումն է: ««Ազգ-բանակը» չի տալիս հավելյալ իշխանական հնարավորություններ: Այն ունի զուտ ռազմական բնույթ՝ մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացում: Եթե դա ինչ-որ կերպ անդրադառնա ռազմական գործի վրա, ապա կտանի փոփոխությունների իսրայելական օրինակով: «Ազգ-բանակի» ամենավառ օրինակը այդ փոքր երկիրն է, երբ բանակում ծառայում են բոլորը: Կարելի է ասել՝ Իսրայելը այդ կոնցեպտի իդեալական օրինակն է: Հայաստանի ու Իսրայելի միջև շատ հաճախ են զուգահեռներ տարվում: Դրանք ճիշտ զուգահեռներ են: Ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում կա հսկայական սփյուռք, միություններ, այնպես որ՝ կարելի է համեմատել: Եվ, իհարկե, մենք բոլորս սպասում ենք լուրջ բարդությունների՝ կապված Թուրքիայի հետ, և հարկավոր է պատրաստ լինել դրան»,- նշեց Մոդեստ Կոլերովը: