Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Իմերեթի երկրամաս

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Իմերեթի երկրամաս

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն ապրիլի 19-ին այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն և «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի և Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման և այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով: ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաև անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ: Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետևողական և նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը: Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։