Տոնավաճառների առևտրականները հանդիպում են վարչապետի օգնականի հետ. կորոշեն պայքարը շարունակել, թե՝ ոչ

Այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից: Առևտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդների պայուսակներն են ստուգում, պահանջում են կտրոններ: Առևտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է: Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ: «Հարգելի՛ վարչապետ, վերջապես հարգեք մեզ, մենք էլ մարդ ենք, մեր իրավունքներն ունենք… Ձեր վարչության պետերը, նախարարներն ու փոխնախարարներն անհանգստացնում են մեզ, թույլ տվեք հանգիստ աշխատել,- բարձրախոսով դիմելով վարչապետին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցներն արձագանքեցին՝ վանկարկելով «հան-գիստ, հան-գիստ»: Նրանք նշում են, որ եթե վարչապետն իրենց չընդունի, նստացույց կանեն: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվեցին: Որպես բողոքի նշան՝ ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթ անել Հանրապետության հրապարակում: Տոնավաճառների աշխատակիցները համաձայնեցին հանդիպել ՀՀ վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ՝ քննարկելու իրենց պահանջները: Կառավարության շենք բարձրացան ցուցարարներից երեք հոգի, իսկ մյուսները ներքևում սպասում են: Քննարկումից հետո ցուցարարները կորոշեն պայքարը շարունակել, թե հեռանալ: