Վրաստանի ԱԳՆ-ն՝ Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին

Վրաստանի ԱԳՆ-ն՝ Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին

Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի Վրաստանի օրենսդրության համաձայն: Ինչպես հաղորդում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն՝ մեկնաբնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունը: Նախարարն ընդգծել է, որ փոխադրումների հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում՝ Վրաստանի «օկուպացված տարածքներով», պետք է իրականացնի Վրաստանի կառավարությունը: Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է համաձայնագիրն այն մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ: «Ելնելով այն փաստից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիթորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- բացատրել է նախարարը և ընդգծել, որ այդ համաձայնագիրը կողմերի համար այլ պարտավորություններ չի նախատեսում: