Օլիգարխի ձևակերպումը չգիտեմ, որ իմանամ քանիսի երեխան է ծառայում առաջնագծում. Վիգեն Սարգսյան

««Օլիգարխ» հասկացության ձևակերպումը չգիտեմ, որ իմանամ քանիսի երեխան է ծառայում առաջնագծում»: Այս մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց այսօր ասաց ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե քանի՞ պաշտոնյայի կամ օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում: «Շատ անգամ մենք ավելի սուր ենք գնահատում առաջնագծում ծառայողների սոցիալական վիճակը, քան նրանց ինքնագնահատականն է: Այն պիտակը, որ առաջնագծում ծառայում են միայն անապահովների երեխաները, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանը հիշեցրեց ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողների` նախագահի հետ հանդիպումը՝ նշելով, որ այդ զինծառայողների մեջ կային ամենատարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ: «Եթե մենք ելնում ենք նրանից, որ մեր հասարակության կեսը ծայրահեղ աղքատ է, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ծառայողների առնվազն կեսը ևս ծայրահեղ աղքատ ընտանիքից է: Բայց մի բան էլ հաշվի առեք` հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի զավակը հայտնվելու է առաջնագծում ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի մեծ է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է բուհ և հավաքակայանում նախընտրություն ունի ուսումնական զորամասում` մասնագիտական ծառայության անցնելու: Հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում ավելի ցածր է»,- ասաց նա: Նախախարը հավելեց, որ առաջնագծում ծառայող պաշտոնյաների երեխաներ էլ կան: «Ես հստակ գիտեմ մեր պատգամավորների և փոխնախարարների երեխաներ, ովքեր առաջնագծում են և մարտական հերթապահություն են իրականացնում»,- նշեց Վ. Սարգսյանը, սակայն անուններ չտվեց՝ ընդգծելով, որ դա նրանց անձնական գործն է: Մանրամասները՝ տեսանյութում: