Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն Չեխիայում և Սլովակիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն Չեխիայում և Սլովակիայում

Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի ձեռնարկների շարք կկազմակերպվի Չեխիայի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Ապրիլի 20-ին չեխահայ երիտասարդները լուռ բողոքի ակցիա անցկացրին խորհրդարանի դիմաց։ Չեխիայում ավանդաբար միջոցառումներ են անցկացվում Յիհլավայում (ապրիլի 22-ին), Բռնոյում (ապրիլի 23-ին) և Պրահայում (ապրիլի 24-ին)։ Պրահայում լինելու են ոգեկոչման արարողություններ Ֆրանց Վերֆելի տան և քաղաքի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ, այնուհետև երթ, եկեղեցական արարողություն Սուրբ Հոգի եկեղեցում, ելույթներ և երգեհոնային համերգ»,-նշեց դեսպանը: Ծրագրվում է, որ նշված միջոցառումներին կմասնակցեն չեխ խորհրդարանականներ, քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչներ։ «Ավելի ուշ չեխ բարեկամների նախաձեռնությամբ մեկ-երկու գիտաժողով է նախատեսվում։ Իսկ ապրիլի 24-ի վաղ առավոտյան նախատեսում ենք միջոցառում նաև Սլովակիայի մայրաքաղաքում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,-տեղեկացրեց Տիգրան Սեյրանյանը: