Որքան գումար կհավաքի «Խոստում» ֆիլմը առաջին վարձութային հանգստյան օրերին

Որքան գումար կհավաքի «Խոստում» ֆիլմը առաջին վարձութային հանգստյան օրերին

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը՝ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ, կանխատեսումների համաձայն առաջին վարձութային հանգստյան օրերին կհավաքի 4 միլիոն դոլար: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, 100 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմի համար դա ձախողում կլինի: Ֆիլմի պրոդյուսերներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց նպատակը գումար վաստակելը չէ և միևնույն ժամանակ նշել են, որ «Խոստում»-ից ստացված հասույթը փոխանցվելու է բարեգործական կազմակերպություններին: «Պարզ էր, որ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ ազդելու է ֆիլմի վրա: Ամենատարբեր ստուդիաներից մեզ ասել են, որ կարևոր չի՝ ֆիլմն ինչքան լավը կլինի, մի շարք ընկերություններ չեն վարձակալի այն: Կարծում եմ, որ սա ամոթալի է, բայց մենք գործ ունենք այս իրականության հետ»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը: Ավելի վաղ Hollywood Reporter-ը անդրադարձել էր «Խոստում» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը։ Կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) ֆիլմի դեմ արշավը սկսվել էր 2016թ․ սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացվելուց հետո, երբ թուրք ժխտողականները IMDb-ում զանգվածայնորեն դնելով 1՝ իջեցրել էին ֆիլմի վարկանիշը։ Նշենք, որ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին: