Սերժ Սարգսյանի լեգիտիմության փոխարեն

Սերժ Սարգսյանի լեգիտիմության փոխարեն

Նախօրեին Ազգ-բանակ թեմայով համաժողովի մեկնարկը, որ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, ըստ էության հնարավոր է համարել այդ հայեցակարգի այսպես ասած քաղաքական բեմելը հայաստանյան ներքաղաքական եւ ներիշխանական օրակարգում: Իրավիճակն այստեղ պետք է բաժանել երկու շերտի, կամ առնվազն երկու հիմնական շերտի՝ ազգ-բանակ հայեցակարգով պետական կառավարում եւ ազգ-բանակ հռչակագրով քաղաքական զարգացումներ ու ներիշխանական հարաբերությունների ընթացք: Դիտարկելով կառավարման հարթության առանձնահատկությունը, կարող ենք եզրափակվել թերեւս մի գնահատականով կամ բնորոշմամբ՝ Հայաստանի պետական կառավարումը իր թե բնույթով՝ ընդ որում նաեւ կառավարիչների զգալի մեծամասնության անձնական որակներով հանդերձ, թե բովանդակությամբ, թե մտածողության եւ արժեքային հիմքով ոչ միայն չափազանց հեռու է ազգ-բանակ հայեցակարգի արդյունավետ որեւէ մոդելից, որ կբխի Հայաստանի շահից ու անվտանգությունից, այլ ինքնին հակասում է այդ մոդելին եւ սպառնում Հայաստանի անվտանգությանը: Այդ ամենի փոփոխության հեռանկարները դեռեւս շատ հեռու են հանրային վստահություն առաջացնող դինամիկայից ու ծավալից եւ ավելի շուտ հիշեցնում են ընդամենը քարոզչական նկատառումով արվող մարտավարություն, քան իշխանության եւ պետական կառավարման որակների իրական փոփոխության խորքային միտում: Այստեղ, սակայն, սահուն կերպով անցնում ենք հայեցակարգի արդեն մյուս՝ ներքաղաքական եւ ներիշխանական հարթություն: Այստեղ անհերքելի է, որ առկա է ներքին դիմադրությունների բավական բարդ, խճճված, նույնիսկ լաբիրինթոս հիշեցնող մի համակարգ, որտեղից դուրս գալը, իհարկե, ժամանակատար եւ բավական մեծ ջանքեր պահանջող գործընթաց է: Մյուս կողմից սակայն, որքան ազգ-բանակ հայեցակարգի ներդրումն ու դրա օրակարգայնացումը ենթադրում է այդ գործընթացը կամ լաբիրինթոսը նոր նշաձողերով պարզեցնելու մարտավարական եւ ռազմավարական նպատակ, նույնքան էլ ազգ-բանակ հայեցակարգը կարող է ենթադրել պարզապես գործիք ներիշխանական եւ ներքաղաքական առաջիկա հարաբերություններում, որ փորձ է արվում առաջ քաշել Վիգեն Սարգսյանի ձեռքով կամ դեմքով: Այստեղ արժե հիշատակել դեռեւս 2013 թվականի նախագահի ընտրության գործընթացում Սերժ Սարգսյանի առաջ քաշած այն միտքը, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը պետք է այսպես ասած առանցքում դիտի զինված ուժերը: Այդ մասին Սարգսյանը հայտարարեց 2013-ի հունվարին, ՊՆ-ում անցկացրած լայն խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էր ամբողջ ռազմա-քաղաքական «էլիտան»: Ըստ էության, ազգ-բանակ հայեցակարգը Սերժ Սարգսյանը սկսել է «հունցել» դեռեւս 4 տարի առաջ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հայեցակարգի այսպես ասած «հեղինակային իրավունքը» հայաստանյան ներիշխանական դաշտում պատկանում է Սերժ Սարգսյանին, պարզապես, արդեն ամբողջական «թխվածքի» տեսք այն ստանում է ի դեմս Վիգեն Սարգսյանի: Այդ իրողությունն էլ հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ հայեցակարգի ներքաղաքական այսպես ասած ներմուծումը ոչ այնքան բխում է Ապրիլյան պատերազմի դասից, որքան հանդիսանում է բավական երկարաժամկետ քաղաքական պլանավորման որոշակի արդյունք, որը պարզապես առավել հրատապ եւ պահանջված է դարձել արդեն Ապրիլյան պատերազմի հետեւանքով: Այստեղ ակնհայտ է նաեւ, որ ազգ-բանակ հայեցակարգը իբրեւ քաղաքական գործիք կարող է արդյունավետ կիրառվել թե՛ հանրության հանդեպ, թե՛ մյուս կողմից հանրության աջակցություն խթանելով, կիրառվել իշխող համակարգի առանձին սեգմենտների դեմ: Իշխանության խնդրի այս կամ այն որեւէ սցենարով հանգուցալուծման դեպքում, միեւնույն է, անխուսափելի է լինելու ներհամակարգային շահերի բախման որեւէ հանգուցալուծում: Խոշոր հաշվով, ազգը «բանակ» դարձնելով արտաքին վտանգի դեմ, Սերժ Սարգսյանը, միեւնույն ժամանակ, ազգը «բանակ» է դարձնում ներիշխանական այն սեգմենտների դեմ, որոնք կարող են ընդդիմանալ, դիմադրել Սարգսյանի որեւէ որոշման, որ վերաբերելու է առնվազն միջնաժամկետ 2018-ի եւ առավել երկար հեռանկարում՝ 2022-ի հետ: Սերժ Սարգսյանն այդ որոշումների համար ունի հանրային աջակցության եւ լեգիտիմության կարիք, բայց նա չունի այդ աջակցությունն ու լեգիտիմությունը: Ազգ-բանակ հայեցակարգը իր քաղաքական ենթատեքստով պարունակում է լեգիտիմության այդ բացակայությունը քողարկելու ներուժ, ինչն էլ կփորձի օգտագործել Սերժ Սարգսյանը: Առավել հավանական է, որ հայեցակարգի զուտ կառավարչական ենթատեքստի էֆեկտիվության հեռանկարը, առնվազն, առաջիկա տարվա ընթացքում ստորադասված կլինի քաղաքական ենթատեքստին: