Նոր էջ հայկական սպորտում. մարմնամարզիկների փայլուն մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

Նոր էջ հայկական սպորտում. մարմնամարզիկների փայլուն մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Կլուժ քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում բավական հաջող են ելույթ ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Կան լուրջ նախադրյալներ, որ այս մրցաշարում կունենանք մեդալներ: Բազմամարտում Արթուր Դավթյանը 82.132 միավոր արդյունքով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Դավթյանը ելույթ կունենա նաև հենացատկի եզրափակչում: Այս վարժությունում մեր մարմնամարզիկը 14.383 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Առանձին գործիքների վրա հաջող են ելույթ ունեցել Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հանդես են եկել օղակների վրա: Թովմասյանը ստացավ 15.033 միավոր ու հաղթահարեց որակավորումը երկրորդ հորիզոնականով: Վահագն Դավթյանը 14.866 միավորով 4-րդն էր: Նժույգների վրա վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Մերդինյանը 14.700 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս վարժությունում հանդես եկավ նաև Արմեն Պետրոսյանը: Նա իր ելույթի համար ստացավ 13.633 միավոր, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար: Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 21-ին, օղակների և նժույգի վրա վարժությունների եզրափակիչը՝ ապրիլի 22-ին, հենացատկի եզրափակիչը՝ ապրիլի 23-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սոս Սարգսյանը նշեց, որ նվազագույն խնդիրն արդեն լուծված է, մրցավայր մեկնած 6 մարմնամարզիկներից 4-ը եզրափակչում են: «Մրցակցությունը բավական մեծ է: Բոլոր հավաքականները ներկայացել են ուժեղագույն կազմերով, սակայն ամեն ինչ անելու ենք բարձր արդյունքի հասնելու համար: Տղաները մարտական են տրամադրված, պատրաստ են եզրափակչին»,- ասաց Սարգսյանը: Նշենք, որ այս մարզաձևը Հայաստանում վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Սուղ պայմաններում այսօր Հայաստանի չորս ներկայացուցիչները հեղինակավոր մրցաշարի եզրափակչում են և պայքար են մղում ամենաբարձր հորիզոնականների համար: Վստահաբար կարելի է ասել, որ մարմնամարզությունը դառնում է Հայաստանում հիմնական մարզաձևերից մեկը: Եթե ժամանակին միջազգային մրցումներում հիմնական հույսը կապում էինք ըմբիշների, ծանրորդների և բռնցքամարտիկների հետ, ապա այսօր համաշխարհային սպորտում մարմնամարզության պես դասական մարզաձևում ունենք լուրջ հաջողություններ: Հատկապես ուրախալի է, որ շարունակ ի հայտ են գալիս երիտասարդ մարմնամարզիկներ, որոնց նկատմամբ ուշադրությունը կենտրոնացնելու դեպքում կարող ենք մտածել արդեն օլիմպիական մեդալների մասին: Մոտ մեկ ամիս առաջ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանը օղակների վրա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նրա ելույթը տպավորել էր ոչ միայն երկրպագուներին, այլև մրցումներին հետևող մասնագետներին: Չենք սխալվի, եթե նշենք, որ Թովմասյանը 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերում կարող է դառնալ ոսկե մեդալի իրական հավակնորդ: Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելը, ինչ խոսք, Հայաստանի համար մեծ հաջողություն է: Թովմասյանը փայլուն էր հանդես եկել նաև 2015 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցած Համաշխարհային Ունիվերսիադայում: Այն ժամանակ օղակների վրա հավաքելով 15.000 միավոր՝ Թովմասյանը ոսկե մեդալ էր նվաճել: Սպասելիքները մեծ են նաև Վահագն Դավթյանից և Արթուր Դավթյանից: Վերջինս պատանիների Եվրոպայի չեմպիոն է, մեկ ամիս առաջ աշխարհի գավաթի խաղարկության հենացատկում արծաթե մեդալի արժանացավ: Նժգույգի վրա վարժությունում էլ Դավթյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, ինչը ևս բարձր արդյունք կարելի է որակել: Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, ապա նա արդեն բազմիցս է ապացուցել, որ նժույգների վրա աշխարհի լավագույն մարմնամարզիկներից մեկն է և մեր հավաքականի առաջատարը: Անցյալ տարի Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում նա դարձավ չեմպիոն, և հուսանք, որ Կլուժում կպահպանի տիտղոսը: