«Ղարաբաղ» թիմի չեմպիոնությամբ ադրբեջանցիները ֆեյսբուքյան պատերազմ են հրահրել

«Ղարաբաղ» թիմի չեմպիոնությամբ ադրբեջանցիները ֆեյսբուքյան պատերազմ են հրահրել

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ փորձում են հասարակությանը համոզել, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներքին առաջնությունում չեմպիոն դառնալը զայրույթի ալիք է առաջացրել Հայաստանում: Ադրբեջանի առաջնության 26-րդ տուրում Բաքվի «Ինտերի» նկատմամբ խոշոր՝ 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Աղդամի «Ղարաբաղը» ժամկետից շուտ երաշխավորել է մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը: Հարևան երկրում «Ղարաբաղն» արդեն իսկ անվանում են ադրբեջանական ֆուտբոլի էտալոն: Նշենք, որ այս թիմը տարիներ շարունակ հանդես է գալիս եվրագավաթների խաղարկություններում, հայ երկրպագուների կողմից, սակայն, «Ղարաբաղի» նույնիսկ հաջող ելույթները հիվանդագին արձագանքի չեն արժանացել: Նշենք, որ «Ղարաբաղը» Ադրբեջանի չեմպիոնի կոչումը նվաճում է 5-րդ անգամ: Ակումբի նկատմամբ ուշադրություն գրավելու համար Ադրբեջանը դիմել է հերթական էժանագին քայլի՝ սադրանքի ենթարկելով հայաստանցիներին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Прикольный футбол» էջի պատասխանատուն հրապարակել է «Ղարաբաղ» թիմի տարբերանշանը, շնորհավորել է ադրբեջանական ակումբին չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ֆեյսբուքյան էջին հետևող հազարավոր հայաստանցի օգտատերերից ընդամենը 8-ն է լուսանկարի տակ զայրույթի «սմայլիկ» տեղադրել: Սա հիմք է դարձել Ադրբեջանում հեղինակավոր սպորտային կայքերին խոսել «Ղարաբաղի» չեմպիոն դառնալու վերաբերյալ Հայաստանում ստեղծված լայն արձագանքի մասին: Այդուհանդերձ, որքան էլ ցավալի է, լուսանկարի տակ բազմաթիվ ադրբեջանցիների և հայաստանցիների միջև այլաբանական պատերազմ է ընթանում նաև հիմա: Վիրավորական արտահայտությունների միջոցով հարևան երկրի օգտատերերը ստիպում են մեր համաերկրացիներին պատասխանել: Հասկանալի է, որ տեսնելով տհաճ արտահայտություններ՝ յուրաքանչյուրի մեջ ցանկություն է առաջանում դիմելու պատասխան գործողության, տեղը դնելու իրեն նման արարք թույլ տված մարդուն: Բայց սթափ գնահատելով իրավիճակը՝ հասկանալ է պետք, որ ադրբեջանցի օգտատերերի հետ վիճելը, նրանց հայհոյելը որևէ առումով չի կարող դրական ազդեցություն ունենալ: Մասնակցելով արհեստական կերպով ստեղծված ֆեյսբուքյան պատերազմին՝ մենք մեր ձեռքով կենտրոնացնում ենք ուշադրությունը «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վրա: Ֆուտբոլային էջին հետևող այլ ազգի օգտատերերը ուղղակի հրճվում են գրված հայհոյանքներից: Էժանագին մեթոդիկայով Ադրբեջանում ձևավորվել է կարծիք, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն վերանվանվեց «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի պատճառով: Մասնավորապես, վերջին տարիներին այս թիմը բավական հաջող է հանդես եկել միջազգային ասպարեզում՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլին: Ադրբեջանցիները վստահ են, որ ֆուտբոլային թիմի համաշխարհային ֆուտբոլում ձեռք բերած համբավը ստիպել է հայերին փոխել անվանումը, որպեսզի միջազգային հանրությունը չնույնացնի ֆուտբոլային թիմը և Արցախը: Կարծում ենք՝ մառազմի նման դրսևորումները մեկնաբանության կարիք չունեն: Նշենք, որ պաշտոնապես «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կոչվում է «Ազերսուն-Ղարաբաղ»: Ազերսունը Ադրբեջանում խոշոր հոլդինգներից է և 2001 թվականին փրկել է թիմի լուծարումից անվանումը վերափոխելու պայմանով: Լրատվամիջոցները և երկրպագուները, սակայն, խուսափում են «Ազերսուն-Ղարաբաղ» անվանումն օգտագործելուց: Ու թեև նշվում է, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը հիմնվել է հեռավոր 1951 թվականին և հարուստ պատմություն ունի, նշենք, որ Խորհրդային Միության տարիներին Աղդամը ներկայացրել է «Մեխսուլ» թիմը: Վերջինս այնուհետև վերանվանվել է «Շաֆագ», իսկ 88 թվականին՝ «Կոպերատոր»: ՀԳ. Թեմայի առնչությամբ մեկնաբանություններին հեևել այստեղ: