Մոուրինյոն լռում է. Մխիթարյանի գոլը կգրվի պատմության էջերում

Մոուրինյոն լռում է. Մխիթարյանի գոլը կգրվի պատմության էջերում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր խաղացողներից առանձնացրել է միայն Զլատան Իբրահիմովիչին: «Մեզ անհրաժեշտ են Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վճռել հանդիպման ելքը: Երբ Զլատանը խփեց գոլը, հասկացանք, որ խաղը մերն է»,- նշել է Մոուրինյոն: Նա չի ցանկացել խոսել Անդեր Էրերայի և Մխիթարյանի գործողությունների մասին: Այս երկու ֆուտբոլիստները գերազանց խաղ անցկացրին և նպաստեցին «Յունայթեդի» հաղթանակին: Թե ինչով է պայմանավորված Մոուրինյոյի նման պահվածքը՝ դժվար է ասել: Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ այս հաղթանակն իր թիմին ուղղակի անհրաժեշտ էր, քանզի «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» այս տուրում հաղթանակ էին տարել. «Փայլուն արդյունք, գեղեցիկ խաղ: Մրցակիցը ճնշված էր: Զգացվում էր, որ նրանք հոգեբանական առումով լավ վիճակում չեն: Պրեմիեր լիգայում մնալու համար հարկավոր է թոթափել լարվածությունն ու համախմբվել»: «Յունայթեդի» երկրպագուների քվեարկության արդյունքով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իբրահիմովիչը: Բնական է, նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Անժխտելի է, սակայն, որ հաղթանակի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ Հենրիխ Մխիթարյանը: Բացի խփած գոլից՝ նա կատարեց մեծ ծավալի աշխատանք՝ լինելով թիմի շարժիչի դերում: Հանդիպման ընթացքում նրան տեսաք թե՛ պաշտպանության եզրերում, թե՛ կիսապաշտպանության բոլոր օղակներում և թե՛ հարձակման կրակագծում: Ի դեպ, Մխիթարյանի խփած գնդակը, ամենայն հավանականությամբ, կարձանագրվի Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության էջերում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը «Սանդերլենդի» դարպասը գրավեց երկրորդ կեսի 45-րդ վայրկյանին: Սա Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/2017 թվականների մրցաշրջանում երկրորդ խաղակեսերում խփված ամենաարագ գոլն է: Գոլ, որը նաև իր դինամիկայով և կատարողական բարձր վարպետությամբ գրավեց երկրպագուների ուշադրությունը: Հերթական անգամ Մխիթարյանը մրցակցի դարպասը գրավեց բիլիարդային կրակոցով: Այս գոլը կարելի է նմանեցնել աշխարհի առաջնության ընտրական փուլում Մխիթարյանի՝ Ղազախստանի հավաքականի դարպասը խփած գնդակին: Երկու դեպքերում էլ մեր հավաքականի ավագը իր վրա վերցնելով խաղը՝ առաջ շարժվեց և գնդակը դարպասի աջ անկյունն ուղարկեց պաշտպանի ոտքերի արանքով: Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպման համեմատ Մոուրինյոն կատարել էր մի քանի փոփոխություն, որոնցից գլխավորը Մխիթարյանին Ռեշֆորդի փոխարեն հիմնական կազմում ընդգրկելն էր: Կարծում ենք՝ տարբերությունն ակնհայտ էր: Հիշեցնենք, որ «Էվերթոնի» հետ խաղում Մոուրինոյն Մխիթարյանին հիմնական կազմից դուրս էր թողել, ինչը բացատրել էր հայ ֆուտբոլիստի՝ 30-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» դեմ թույլ խաղով: Նման կտրուկ և ոչ ադեկվատ քայլը թողեց իր հետևանքը: Ռեշֆորդը չափազանց թույլ խաղ ցուցադրեց, իսկ «Յունայթեդը» պարտությունից խուսափեց 94-րդ րոպեին Իբրահիմովիչի խփած 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Առաջիկա 10 օրերին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային գրաֆիկը բավական խիտ է, իսկ մրցավեճերը՝ սկզբունքային: Ապրիլի 13-ին Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յունայթեդը» մրցակցի հարկի տակ կմրցի «Անդերլեխտի» հետ: Ապրիլի 16-ին Մոուրինյոյի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ: Ապրիլի 20-ին էլ տեղի կունենա «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը: Նշենք, որ «Յունայթեդի» համար ընթացիկ մրցաշրջանում գերնպատակը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելն է: Բացի տիտղոսից՝ Եվրոպայի լիգայի խաղարկության հաղթողը հնարավորություն կստանա 2017/2018 թվականների մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Պրեմիեր լիգայում «Յունայթեդն» այս պահին 57 միավորով 5-րդն է: 4-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 61 միավոր, սակայն մեկ հանդիպում ավելի շատ է անցկացրել: Անգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր է տրվում առաջին չորս հորիզոնականները զբաղեցրած թիմերին: