«Փախան, որ հայերը չծաղրեն». Ինչու Ադրբեջանի հավաքականն անհետացավ Եվրոպայի առաջնությունից

«Փախան, որ հայերը չծաղրեն». Ինչու Ադրբեջանի հավաքականն անհետացավ Եվրոպայի առաջնությունից

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը անսպասելիորեն լքեց Խորվաթիայի Սպլիտ քաղաքը որտեղ տեղի է ունենում Եվրոպայի առաջնությունը: Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ ադրբեջանական պատվիրակության նման պահվածքը որակել են փախուստ մրցավայրից: Նշենք, Ադրբեջանի հավաքականը Խորվաթիա է մեկնել մարտի 31-ին: Ավելի վաղ նրանք մինչև ապրիլի 8-ը ամրագրած են եղել հյուրանոցային համարները: Ընդամենը մեկ օր մնալով Սպլիտում՝ ադրբեջանական պատվիրակությունն անհետացել է, վերադառնալով Բաքու: Նման որոշման պատճառը շատերը պարզաբանում են նրանով, որ ադրբեջանցիները վախեցել են խիստ դոպինգ ստուգումներից: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան անմիջապես հերքել է դոպինգի հետ կապված բոլոր վարկածները, նշելով որ մարզչական շտաբը Բաքու վերադառնալու որոշում է կայացրել, քանի որ մոտ 1 ամիս անց տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը: Մասնավորապես, այդ մրցումներում պատշաճ կերպով ներկայանալու համար մարզիչները որոշել են խնայել ծանրորդներին: Նման պարզաբանումն ինչ խոսք ծիծաղելի և աբսուրդային կարելի է որակել: Միթե՞ մարզիչները տեղյակ չէին որ տեղի են ունենալու Իսլամական համերաշխության խաղերը: Կամ այդքան գումար ծախսելուց, այդքան ճանապարհ անցնելուց և մրցավայր հասնելուց հետո նման որոշում կայացվեց: Խորվաթիան լքելը ադրբեջանցիների մարզասերների շրջանում զայրույթի մեծ ալիք է առաջացրել: Եթե լրատվամիջոցները կարծում են, որ փախուստի պատճառը դոպինգ-ստուգումներն են, ապա մարզասերները և հատկապես ծանրամարտի սիրահարները ամենևին այլ կարծիքի են: Սպլիտում Ադրբեջանը պետք է ներկայացնեին 62 քաշային Մագոմեդ Մամեդլին, 69 քաշային Իսա Ռուստամովը, 85 քաշային Քյամրան Իսմայիլովը և 94 քաշային Հուսեյն Իսմայիլովը: «Ո՞վքեր են այդ ծանրորդները, ես նրանց չեմ ճանաչում: Նրանք Ադրբեջանի հավաքականի կազմում մասնակցե՞լ են որևէ լուրջ մրցաշարի: Մեր հավաքականն իրականում փախել է խայտառակությունից խուսափելու համար, որպեսզի հայերի կողմից ծաղրի առարկա չդառնան»,- նշել է ադրբեջանցի երկրպագու Էլչին Սուլթանովը: Վերջինի հետ համակարծիք է ադրբեջանցի մարզասերների զգալի մասը: Ի դեպ, վերը նշված ծանրորդների մասին ինտերնետային որոնողական կայքերում տեղեկություններ չկան: Մարզական կայքերում էլ չկան հիշատակումներ այս մարզիկների ելույթների և արդյունքների վերաբերյալ: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի հավաքականը իր առաջատար ծանրորդներին խնայել է Իսլամական համերաշխության խաղերի համար, իսկ սկսնակ ծանրորդներին այսպես ասած ուղարկել Եվրոպայի առաջնությանը: Հասնելով մրցավայր և տեսնելով որ իրենց համար սկզբունքային հավաքականները մրցավայր են ժամանել մարտական կազմերով, խայտառակությունից խուսափելու համար լքել են մրցավայրը: Ուշադրություն դարձնենք, որ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան նման քայլի հեղինակ մատնանշում է մարզչական շտաբը: Նշենք սակայն, որ նման որոշումները չեն կարող կայացվել առանց ֆեդերացիայի ղեկավարների հորդորի կամ միջամտության: Ինչ վերաբերվում է դոպինգ-ստուգումներին, ապա Միջազգային հակադոպինգային կազմակերպությունը՝ WADA-ն կարող է ցանկացած պահի ստուգում անցկացնել և մրցումներից խուսափելը փրկության եղանակ չէ: Այս հանգամանքը ընդունել էր նաև Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացել էր բավական ուժեղ կազմով: Մասնավորապես Սպլիտում մրցահարթակ են դուրս եկել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ 105 քաշային Սիմոն Մարիտրոսյանն, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Մինասյանը:Մարտիրոսյանն այսօր նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Հայաստանի հավաքականի համար 3 ոսկե մեդալ ապահովելով: