Ուզբեկստանը «խփեց» Ռուսաստանին, հերթը Հայաստանինն է

Ուզբեկստանը «խփեց» Ռուսաստանին, հերթը Հայաստանինն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կտրուկ վերելքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում լայն արձագանք է ստացել հատկապես Ռուսաստանում: Ապրիլի 6-ին հրապարակված ցուցակում մեր հավաքականն առաջադիմելով միանգամից 18 աստիճանով՝ հանգրվանել է 67-րդ հորիզոնականում: ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանն այս պահին 4-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ պետություններից առաջատարը Ուկրաինան է, որը դասակարգման ցուցակում 37-րդն է: Որքան էլ զարմանալի է, երկրորդ հորիզոնականում է Ուզբեկստանի հավաքականը, իսկ Ռուսաստանը միայն երրորդն է: Առաջադիմելով երեք հորիզոնականով՝ Ուզբեկստանը տեղ է զբաղեցրել 60-րդ տեղում, իսկ Ռուսաստանը նահանջելով մեկ կետով՝ այժմ 61-րդն է: «Նույնիսկ Ուզբեկստանը «խփեց» մեզ» խորագրով քննարկումներ այսօր ակտիվ կերպով ընթանում են բազմաթիվ ռուսական ֆուտբոլային ֆորումներում: «Ուզբեկները շրջանցեցին մեր «փառապանծ» հավաքականին: Հայաստանի պես փոքր երկրի հավաքականն արդեն 67-րդն է, և չի բացառվում, որ շատ շուտով արդեն հայերը առաջ անցնեն Ռուսաստանից: Ինչ են մտածում մեր ֆուտբոլի չինովնիկները: Առջևում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն է: Նման հավաքականով պարզապես ամոթ է ներկայանալը: Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնությանը, ապա կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Նույնիսկ ենթախմբի արգելքը չենք հաղթահարի»,- թվիթերյան իր էջում գրել է Ռուսաստանի հավաքականի ֆանատ Ստանիսլավ Չուրան: 2018 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպիչ Ռուսաստանը, որը չի մասնակցում ընտրական փուլին, հաջորդ ընկերական հանդիպումը անցկացնելու է հունիսի 5-ին Բուդապեշտում՝ մրցելով Հունգարիայի ընտրանու հետ: Չորս օր անց էլ արդեն Մոսկվայում ռուսները կմրցեն Չիլիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հավաքականի ներկայիս վիճակը՝ հավանական է, որ այս երկու հանդիպումներից ոչ մեկում Աշխարհի առաջնության կազմակերպիչ հավաքականը հաղթանակ չի տանի: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը անցկացրել է 11 ընկերական հանդիպում, որոնցից ընդամենը 3-ում է հաղթել, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և 5-ում պարտվել: Ի դեպ, ռուսները զիջել են այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Կատարը, Կոստա Ռիկան: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի հետ, իսկ հունիսի 10-ին ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Մոնտենեգրոյին: Առաջին դեպքում բավական մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կհաղթի: Վերլուծելով առաջիկա հանդիպումներում հնարավոր արդյունքները՝ իսկապես մեծ է հավանականությունը, որ ամռանը Հայաստանի հավաքականն իսկապես կշրջանցի Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Ուզբեկստանին ապա նշենք, որ այս հավաքականը 2017 թվականի հունվարին Անթալիայում 2:0 հաշվով պարտություն կրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից»: Պարզապես ասիական գոտում մրցելով բավական թույլ հավաքականների հետ՝ ուզբեկները շարունակ վարկանիշային միավորներ են վաստակում: Ինչ խոսք, ռուսների համար անսպասելի էր ազգային հավաքականի նման անկումը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի հավաքականի թույլ լինելը, ռուս երկրպագուները և բլոգերները համեմատականներ են անցկացնում, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների հավաքականների համար, սակայն, առաջնայինը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում որևէ երկրին շրջանցելը չպետք է լինի: Շատ ավելի կարևոր են ընտրական մրցաշարը և խաղի որակը: Ինչ խոսք, ՖԻՖԱ-ի աղյուսակը որոշակիորեն արտացոլում է տվյալ երկրի հավաքականի վիճակը: Այնուամենայնիվ, շատ են օրինակները, որ կարգով ավելի ցածր հավաքականները բարձր դիրք են զբաղեցնում վարկանիշային ցուցակում: Ինչպես նշվեց, Ուզբեկստանը թույլ է նույնիսկ «Ալաշկերտից», և բոլորի համար պարզ է, որ կարգով զգալի զիջում է նաև Ռուսաստանին: Ինչևէ, նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականին հաջորդում են Բելառուսը (78), Ադրբեջանը (87), Էստոնիան (101), Լիտվան (101), Ղազախստանը (105), Վրաստանը (122), Լատվիան (124), Ղրղըզստանը (128), Տաջիկստանը (138), Թուրքմենստանը (140) և Մոլդովան (158):