Հայազգի չեմպիոնին «քցում են». Նա միջնամատ է ցույց տվել վճռական մարտից առաջ

Հայազգի չեմպիոնին «քցում են». Նա միջնամատ է ցույց տվել վճռական մարտից առաջ

Խառը մենամարտերի ճանաչված հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյանը) հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ մարտերը կազմակերպող ընկերությունը, այսպես ասած, քցում է իրեն: Մուսասին նշել է, որ իր հետ մենամարտերում պարտված մարտիկները մի քանի անգամ ավելի շատ հոնորար են ստանում, ինչն ուղղակի աբսուրդ է: «Վիկտոր Բելֆորտը ինձնից մի քանի անգամ ավելի շատ գումար է վաստակում: Ես հաղթեցի Դեն Հենդերսոնին, սակայն պարտվելով հանդերձ՝ ավելի շատ գումար ստացավ: Մաքուր հաղթանակ տարա Մարկ Հենդի հետ մենամարտում, իսկ նրա հոնորարը կազմեց 800 հազար եվրո: Ի՞նչ է սա նշանակում: Ես պատրաստ եմ հաղթել Մայքլ Բիսփինգին: Նա մինչև չեմպիոն դառնալը ինձնից մի քանի անգամ ավելի շատ էր վաստակում: Ինչո՞ւ են ինձ հետ այդպես վարվում: Արժանի չե՞մ նորմալ վարձատրության: Ինչպե՞ս ստացվեց, որ Հենդը 10-ից 10 ցուցանիշով ստանում է 800 հազար: Ես առանց դժվարության մի քանի րոպեում հաղթեցի նրան: Ուշադրություն դարձրեք իմ ռեկորդին»,- հայտարարել է Մուսասին: Ապրիլի 8-ին հայազգի մարտիկը մենամարտելու է աշխարհի նախկին չեմպիոն Քրիս Վայդմանի հետ: Սա կլինի Մուսասիի վերջին մենամարտը UFC կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում: Գեղարդ Մովսիսյանը հաղթանակի դեպքում պատրաստվում է պահանջել մի քանի անգամ բարձրացնել հոնորարը: «Վայդմանը հայտարարել է, որ պոկելու է գլուխս: Ես գնում եմ տիտղոս նվաճելու: Ինձ համար վճռական մենամարտ է լինելու: Երեք ամիս պատրաստվել եմ և վստահ եմ ուժերիս: Գիտեմ, թե նա ինչպես է մենամարտելու: Որպես մարտիկ՝ ես ավելի ուժեղ եմ: Վայդմանը նորմալ տղա է: Բայց մեծ-մեծ խոսելով փորձում է ինտրիգ ստեղծել: Դա նրան չի հաջողվի: Պետք է հաղթեմ և ապացուցեմ, որ ինձ հետ արդար չեն վարվում»,- ասել է Մուսասին Լյուկ Թոմասի հեղինակային շոու-ծրագրում: Ի դեպ, այս մարտից առաջ Մուսասին իր միկրոբլոգում հրապարակել է միջնամատերը պարզած մի լուսանկար, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել: Ինչևէ, խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մուսասին հայտարարել է. «Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Ներկայում գլխավոր խնդիրը Վայդմանին հաղթելն է: Հանուն արդարության նշեմ, սակայն, որ կան մարտիկներ, ովքեր ևս արժանի են չեմպիոնական մարտի: Ես հարգում եմ նրանց: Միևնույն ժամանակ նշեմ նաև, որ որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետ: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Առաջնայինը ապրիլի 8-ի մենամարտում հաղթելն է, որից հետո հստակ կխոսեմ առաջիկա ծրագրերիս մասին: Այս մարզաձևում գլխավորը ուժը չէ: Վայդմանը խոշոր և ֆիզիկապես ամուր տղա է և կարողանում է վերահսկել մենամարտի ընթացքը: Նա ուժեղ հարվածների է տիրապետում, սակայն ես թույլ չեմ տա, որ նա օգտագործի իր ուժեղ կողմը: Մենամարտի ժամանակ կարևոր դեր է խաղում նաև մտավոր ունակություը»: Նշենք, որ Հոլանդիան ներկայացնող Մուսասին Strikeforce-ի վարկածով նվաճել է չեմպիոնական տիտղոսը, որից հետո պայմանագիր է կնքել UFC-ի հետ: Նա դասվում է այս կազմակերպության թոփ-մարտիկների շարքում, սակայն չեմպիոնական գոտի դեռևս չի նվաճել: 31-ամյա մարզիկը խառը մենամարտերում մրցահարթակ է դուրս եկել 49 անգամ և տարել 41 հաղթանակ, որոնցից 22-ը՝ նոկաուտով: Որպես քիք-բռնցքամարտիկ՝ Մուսասին անցկացրել է 8 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, որոնցից 3-ը՝ նոկաուտով: