Հայերն ունեն Մխիթարյան, բարձրակարգ մասնագետներ. Իսկ ինչո՞վ ենք մենք մտածում… Հայացք Ադրբեջանից

Հայերն ունեն Մխիթարյան, բարձրակարգ մասնագետներ. Իսկ ինչո՞վ ենք մենք մտածում… Հայացք Ադրբեջանից

Ադրբեջանցի ֆուտբոլային բլոգեր Էրքին Իբրահիմովը, վերլուծելով 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշարային իրավիճակը, համեմատական է անցկացրել իր և նախկին ԽՍՀՄ-ի անդամ երկրների ազգային թիմերի միջև: Անդրադառնալով Հայաստանին՝ բլոգերը, կարելի է ասել, օբյեկտիվորեն է ներկայացրել երկու երկրների հավաքականների ուժեղ և թույլ կողմերը: «Հայերը թիմային ֆուտբոլ են խաղում: Դա նրանց գլխավոր առավելությունն է: Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում են տեղացի մարզիչներ: Հարևան երկրում շատ են բարձրակարգ, հեռանկարային մասնագետները: Մենք միլիոնները ջուրն ենք գցում Բերտի Ֆոգստերին աշխատավարձ տալով: Ինչո՞վ ենք մենք մտածում: Բացի Գուրբան Գուրբանովից, մենք չունենք նորմալ մասնագետ: Չունենք մասնագետ, ով կարող է գլխավորել Ադրբեջանի ազգային հավաքականը: Կարծում եմ՝ առաջիկայում չենք էլ ունենա նորմալ մասնագետ, քանզի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայում մարզիչներին լիցենզիա են հանձնում անտաղանդ Բերնհարդ Լիպերտը և նրա թարգմանիչը»,- նշել է Իբրահիմովը: Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականում կան թերևս մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր խաղամակարդակով զիջում են Ադրբեջանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներին. «Հայերն ունեն Մխիթարյան: Այստեղ ամեն ինչ պարզ է և ակնհայտ: Բայց, օրինակ, «Ալաշկերտի» 23-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը կայուն խաղ չի ցուցադրում: Կարծում եմ՝ մեր Քյամրան Աղաևսը խաղամակարդակով և փորձով գերազանցում է նրան: Ռուսաստանում ծնված հարձակվող Ռուսլան Կորյանը ևս աչքի չի ընկնում տպավորիչ խաղով: Շեյդեևն ու Իլմազը Կորյանից ավելի ուժեղ են: Մեր հավաքականից կարող եմ առանձնացնել նաև պաշտպաններ Ռաշադ Սադիգովին և Բադվի Հուսեյնովին, ովքեր վատ չեն խաղում: Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանները երիտասարդ են և աճելու տեղ ունեն: Նրանք հանդես են գալիս Իրանում և արտասահմանյան այլ ակումբներում»: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականում իսկապես խնդրահարույց է դարպասապահի, ինչպես նաև կենտրոնական հարձակվողի հարցը: Այնուամենայնիվ, պնդել, որ նրանք խաղամակարդակով զիջում են վերը թվարկած ադրբեջանցի ֆուտբոլիստներին՝ ճիշտ չի լինի: Ադրբեջանցի վերլուծաբանի կարծիքով՝ մարտի 26-ին Հայաստանի հավաքականի մրցակից Ղազախստանը կործանման ճանապարհին է: Մասնավորապես, Իբրահիմովը մատնանշում է, որ Ղազախստանում ազգային թիմը ուժեղացնելու նպատակով քաղաքացիություն է տրվում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «քրջոտ» խաղացողներին: «Ղազախները ազգային հավաքականը վստահեցին Բորոդյուկին, ով ուղղակի քանդեց «Կայրաթը»: Ինչո՞ւ: Այս որոշումը դժվար է տրամաբանել: Ղազախստանի հավաքականի մեծ մասը Ռուսաստանի առաջին դիվիզիոնից բերված խոտանն է: Ֆուտբոլը Ղազախստանում անդունդի եզրին է: Թե Բարադյուկը և թե ազգությամբ ռուս թույլ ֆուտբոլիստները վերջնականապես կտապալվեն առաջիկա հանդիպումներում»,- նկատել է Իբրահիմովը: Վերջինս խիստ քննադատորեն է վերաբերվում նաև մոլդովացիների որդեգրած ֆուտբոլային քաղաքականությանը: Բլոգերի կարծիքով՝ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է մրցանակ շնորհել ամենահիմար մարզիչներ նշանակելու անվանակարգում: Նման մոտեցման հետևանքով, ըստ Իբրահիմովի, Մոլդովան այսօր դասվում է Եվրոպայի ամենաթույլ հավաքականների շարքում: Չնայած ընտրական փուլում Վրաստանը խիստ անհաջող է հանդես գալիս, Իբրահիմովը կարծում է, որ այս հավաքականը վատ որակի ֆուտբոլ չի ցուցադրում. «Վրացիները այսօր չունեն Կալաձեի կամ Արվելաձեի պես ֆուտբոլիստներ: Բայց այս հավաքականում խաղում է Հոլանդիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող Գուար Քաշիան: Ժամանակ առ ժամանակ Իտալիայի բարձրագույն լիգայում աչքի է ընկնում Լևան Մչեդլիձեն: Վրացիներն ունեն բարձրակարգ խաղացողներ նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Չնայած Վրաստանը Թբիլիսիում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մոլդովայի հետ և զիջեց Սերբիային, այդուհանդերձ՝ խաղի որակը նորմալ էր: Մինչ այդ վրացիները ոչ-ոքի էին խաղացել Ուելսի հետ և մեկ գնդակի տարբերությամբ պարտվել Իռլանդիային: Այս հավաքականում ինչ-որ բան չի ստացվում, բայց դա լուծելի խնդիր է»: Իբրահիմովի կարծիքով՝ բացի Հայաստանից, նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականներից կարելի է գովեստի խոսքեր հնչեցնել նաև Էստոնիային: Ամենաթույլ և անդեմ ֆուտբոլ ցուցադրող հավաքականն էլ Բելառուսն է: Վերջինս մարտի 25-ին ընտրական խաղում 4:0 հաշվով պարտվել է Շվեդիային, իսկ չորս օր անց 3:0 հաշվով՝ Մակեդոնիային: