Վանաձորցին նախկին կնոջը ծեծել է «գործ տալու» և իրեն «նստացնելու» համար

Վանաձորցին նախկին կնոջը ծեծել է «գործ տալու» և իրեն «նստացնելու» համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Գ.-ի գործի դատական քննությունը: 42-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջը ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Ամբաստանյալ Արմեն  Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը նախկին կնոջը չի տեսել, չի հայհոյել, չի հարվածել: Չգիտի, թե նա երբ և ինչի հետևանքով է վնասվածքներ ստացել: Նախկին կնոջը հանդիպել է դեպքից մոտ մեկ ամիս առաջ, երբ գնացել էր երեխաներին տեսակցելու: Դեպքի օրն ինքն ընդհանրապես Վանաձորում չի եղել: Տուժող կինը՝ Ինեսան, հայտնել է, որ շուրջ 7  տարի է՝ ինքն ու Արմենն ամուսնալուծվել են, բայց նախկին ամուսինը պարբերաբար իրեն անհանգստացնում է: Ինքն աշխատում է հացի փռում, պահում է երեխաներին: Դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 18-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արմենը եկել է իր աշխատավայրի մոտ, առաջարկել է խոսել: Ինքն ասել է, որ աշխատանքի մեջ է, մերժել է նրան: Նա տաքսու վարորդների ներկայությամբ հայհոյել է իրեն ու վիրավորական արտահայտություններ է արել: Արմենը փորձել է մտնել փուռ, իր աշխատանքային ընկերները նրան դուրս են հրավիրել: Ինքը ստիպված դուրս է եկել, որ նա աշխատողներին չանհանգստացնի, նրա հայհոյանքները չլսեն: Աշխատավայրի մուտքի աստիճանների մոտ Արմենը գլխով, բռունցքով ու ոտքով հարվածներ է հասցրել իրեն, հայհոյել է, մեղադրել է, որ իր պատճառով պիտի կալանք կրի: Արմենի հեռանալուց հետո ինքը զանգել է ոստիկանություն, գնացել է դատաբժշկի մոտ: Տուժողն ասել է, թե նախկին ամուսինը գլխով ու բռունցքով հարվածել է իր ճակատին ու դեմքին, ու ինքը գանգուղեղային վնասվածք է ստացել: Հարվածների պատճառով քթից արյուն է հոսել, ճակատն ու ամբողջ դեմքն այտուցվել են: Տուժողի մայրը հայտնել է, թե դուստրը պատմել է, որ Արմենը խմած մոտեցել ու ասել է. «Ա՛յ մենթի գործ տվող», հայհոյել ու սկսել է հարվածել: Բանն այն է, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Արմենը խուլիգանության համար մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել  1 ամիս կալանքի: Նա նախկին կնոջն էր մեղադրում իր դեմ բողոքելու, իր դատապարտվելու համար: Փռի մոտ կնոջը ծեծելու պահին՝ մարտի 18-ին, վերոհիշյալ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չէր մտել, Արմենը դեռ կալանքի տակ չէր առնվել: Դեպքից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ է մտել, Արմեն Գ.-ն «Հրազդան» ՔԿՀ-ում կրել է պատիժը, ազատ է արձակվել 2016 թվականի մայիսի 13-ին: Իմանալով, որ կինը նորից է բողոքել հերթական ծեծից ու մարմնական վնասվածք ստանալուց հետո, և քրեական գործ է հարուցվել, Արմենը դիմել է փախուստի և գտնվել է հետախուզման մեջ: Նրան հայտնաբերել են օգոստոսի 24-ին: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող կնոջը պատճառվել է գանգուղեղային փակ, բութ տրավմա՝ բութ, կոշտ առարկայով: Արմենը կնոջ ճակատին հարվածել էր գլխով, դեմքին՝ բռունցքով... Տուժողի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Դատարանն արձանագրել է, որ Արմեն Գ.-ի գործողություններում առկա է հանցագործությունների ռեցիդիվ: Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 1 ամիս 10 օր կալանքի: