Նախարարությունը` Հայաստանից ուղևորված ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին

Նախարարությունը` Հայաստանից ուղևորված ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին

Այսօր բելառուսական «Բելտա» գործակալությունը գրել էր, որ Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերով հարուստ բեռ է հայտնաբերվել։ Այս կապակցությամբ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից: Բելառուսական JSC Aircompani Grodna ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն: Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով: