Կարևոր է, որ այս գործընթացում մենք տանուլ չտանք. Վահրամ Բաղդասարյան

Օրերս Արցախում տեղի ունեցածը ինչո՞ւ այդպես էլ չարժանացավ Հայաստանի իշխանությունների արձագանքին, այդպես էլ պաշտոնական հայտարարություններ չտեսանք ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ վարչապետի կողմից. ««Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Դիվերսիոն խմբերի մուտք գործելու մասին ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հայտարարություն, անմիջապես կանխվել են այդ գործողությունները, ադրբեջանական կողմը թողել է 5 զոհ՝ չեզոք գոտում, հայկական կողմը չունի զոհեր և վիրավորներ: Իրավիճակը վերահսկվում է, և այդ մասին, կարծում եմ, պետք չէ քաղաքական մեկնաբանություններ տալ: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը և Արցախի Հանրապետության ՊԲ մամլո խոսնակը տվել են պարզաբանումներ, պետք է բավարարվենք դրանով»: Վ. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ  ՀՀ ԶՈՒ-ն և համապատասխան մարմինները միջազգային գործընկերներին իրազեկել են իրավիճակի մասին: «Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ այս կարգախոսի վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ապագային միտված կոչ է, որին պետք է հասնել. «Անվտանգության ապահովման պայմաններում մենք պետք է առաջընթաց ունենանք»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադառնալով օրերս իշխանական թեկնածուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքներին՝ նշեց, որ Բազմասեր Առաքելյանի և ՀՅԴ-ական թեկնածուի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դեռ փաստեր չկան, ուսումնասիրվում են: «Ընտրության ժամանակ լինում են ավելի բարդ դեպքեր ամբողջ աշխարհով մեկ, մենք պետք է ձեռնպահ մնանք նման դեպքերից: Խստագույնս պետք է պատժվեն ոչ միայն ծեծկռտուքի մասնակիցները, այլ նաև նրանք, ում պատճառով ծեծկռտուք կլինի»,- նշեց Վ. Բաղդասարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: