Ինչպես է Անդրիաս Ղուկասյանը «մասնակցելու» նախընտրական քարոզարշավին

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ««Առաջին լրատվական» -ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Անդրիաս Ղուկասյանը, ով առաջադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով, ինչպես է մասնակցելու նախընտրական քարոզարշավին, որը մարտի 5-ից պաշտոնապես կմեկնարկի , նշեց, որ բազմաթիվ անգամ այդ մասին խոսել է Անդրիասի հետ, նրա տեսակետն այն է, որ իր ձերբակալման նպատակը իրեն հետ պահելը և մեկուսացնելն է այդ պահին ընթացող քաղաքացիական գործունեությունից, որը տեղի էր ունենում Հայաստանում: «Մենք մոտենում ենք ընտրական կարևորագույն օրվան, երբ սկսվելու է նախընտրական քարոզարշավը, և իրեն հետ են պահում ոչ միայն քաղաքացիական, այլ նաև քաղաքական շարժումներից: Վերջին դատի ընթացքում բոլորը խոսում էին այն մասին, որ ձերբակալությունն անհիմն է: Բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ և քաղհասարակության ներկայացուցիչներ ցուցմունքներ էին տալիս հօգուտ Անդրիասի, մյուս կողմից՝ փաստացի Անդրիասի դեմ վկայություն տվող մարդկանցից մի մասը հրաժարվում են իրենց ցուցմունքներից, մի մասը ցույց են տալիս, որ լավ տեղյակ չեն, թե ինչի մասին են խոսում: Այս իրավիճակում նրան անազատության մեջ պահելը միանշանակ ունի քաղաքական միտում և նպատակն այն է, որ Անդրիասին թույլ չտան ակտիվ մասնակցություն ունենալ նախընտրական քարոզարշավին»,- նշեց Ա. Թարխանյանը: Նրա խոսքով՝ ըստ օրենքի՝ Ա. Ղուկաասյանը երեք վստահված անձ կնշանակի, ովքեր քարոզարշավին կներկայացնեն իրեն, այս ընթացքում վստահված անձինք ամեն օր իրավունք ունեն 1-2 ժամ հանդիպումներ ունենալ Անդրիասի հետ. «Մենք կփորձենք ամեն ինչ անել, որ նրա խոսքը, նրա մոտեցումներն ու տեսակետներն այս կամ այն խնդրի վերաբերյալ հասցնել ընտրողներին:  Բայց իհարկե այլ բան է, երբ խոսում են վստահված անձինք, այլ բան է, երբ Ա. Ղուկասյանն ինքն է խոսում, դժվար օրեր են մեզ սպասվում»: Թե ովքեր են լինելու Ա. Ղուկասյանի վստահված անձինք, Թարխանյանի հավաստմամբ, պարզ կլինի առաջիկա օրերին: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարը՝  Photolure-ի