Թրամփն առաջարկել է մեծացնել պաշտպանական ծախսերը 54 մլրդ դոլարով

Թրամփն առաջարկել է մեծացնել պաշտպանական ծախսերը 54 մլրդ դոլարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել երկրի բյուջեի փոփոխման առաջարկներով։ Նրա պլանը նախատեսում է 2018 թվականի պաշտպանական ծախսերի մեծացում 54 մլրդ դոլարով, այսինքն՝ 2017 թվականի համեմատ 9 տոկոսով ավելի։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պլանը նախատեսում է լուրջ կրճատումներ բյուջետային այլ ուղղություններով, այդ թվում այլ պետություններին օգնություն ցուցաբերելու և բնապահպանական ծախսերի մասով։ Սակայն սոցալական ծրագրերը մնում են անփոփոխ։ Բյուջեի հարցով Թրամփի առաջարկների վերջնական տարբերակը, ինչպես սպասվում է, կհայտնվի մարտի կեսերին։ «Մենք պատրաստվում ենք շատ բան անել քիչ ծախսերով և ստիպել կառավարությանը լինել ավելի պատասխանատու»,-հայտարարել է Թրամփը երկուշաբթի՝ Սպիտակ տանը նահանգապետերի հետ հանդիպմանը։ Պաշտպանական ծախսերի ավելացումը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։ Թրամփը դրա նպատակ է անվանել ամերիկյան բանակի հզորության վերականգնումը։ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է տարեկան մոտ 600 մլրդ դոլար՝ ավելի, քան աշխարհում ցանկացած երկիր։ Բյուջեի նախագիծը կուսումնասիրվի Կոնգրեսի կողմից։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սպայսերը հայտարարել է, որ ծախսերի մեծացումը պայմանավորված է զինծառայողներին անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու Թրամփի ցանկությամբ։ Նա նաև նշել է, որ պետության ղեկավարի նման որոշումը չպետք է աշխարհում սպառազինությունների մրցավազք հրահրի։