Վերջին կոալիցիայի վերջը

Վերջին կոալիցիայի վերջը

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարում է մինչև 100 դոլար ընտրակաշառք բաժանելու ՀՀԿ-ի այսպես կոչված ռեյտինգային թեկնածուների պատրաստակամության մասին: Դրա նախօրեին էլ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ այդ թեկնածուներից մեկը՝ Բազմասեր Առաքելյանը, որը ԲՀԿ-ից է անցել ՀՀԿ, Արագածոտնի մարզում բռնություն է կիրառել մարդկանց հանդեպ, որոնք աշխատելու են ՀՅԴ օգտին: Այդօրինակ հայտարարությունները Հայաստանի ընտրական գործընթացի համար չեն հանդիսանում անսպասելի կամ զարմանալի, բացառությամբ ՀՅԴ դեպքի, հաշվի առնելով այն, որ Դաշնակցությունը կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ: Հետևաբար ստացվում է, որ իշխանական կոալիցիայի մի անդամը դժգոհում է մյուս անդամի ապօրինություններից ու բռնությունից: Դա էլ իհարկե հնարավոր կլիներ հասկանալ, եթե հստակեցվեր մի հանգամանք՝ իսկ ՀՅԴ-ն փորձե՞լ է այդ խնդիրները դարձնել ՀՀԿ-ի հետ այսպես կոչված միջկոալիցիոն խորհրդի քննարկման առարկա, որի վերաբերյալ պայմանավորվել էին 2016 թվականի փետրվարին, երբ ստորագրեցին կոալիցիոն հուշագիրը: ՀՅԴ-ն փորձե՞լ է իր դժգոհությունները հայտնել ՀՀԿ-ին և ստանալ պատասխան այդ ձևաչափում, թե՞ դրանց միանգամից տվել է հանրային բնույթ: Թե տրամաբանությունը, թե նաև կոալիցիոն հուշագիրը ենթադրում էին, որ կոալիցիոներները խնդիրները պետք է քննարկեին նախ միմյանց միջև: Բայց Դաշնակցությունը կարծես թե գնացել է դրանց միանգամից հրապարակայնություն հաղորդելու տարբերակով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն կամ մերժել է միջկուսակցական խորհրդում հարցերը քննարկելու առաջարկը, կամ այդ խորհուրդը պարզապես երբեք չի էլ գործել և ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա որպես այդպիսին խոշոր հաշվով չի էլ եղել, այլ դրա անվան տակ լուծվել են իրավիճակային խնդիրներ, իսկ այժմ ամեն մի ուժ լուծում է իր խնդիրները: Այդ իմաստով իրավիճակը նույնպես աննախադեպ չէ, երբ իշխանության մեջ գտնվող ուժը ընտրության գործընթացում հանդես է գալիս այդ իշխանության քննադատությամբ: Դաշնակցությունն ունի դրա հարուստ փորձն ու հարստացրել էր քաղաքագիտության տեսությունը հայտնի արտահայտությամբ, թե իրենք իշխանության մեջ ընդդիմություն են: Այդպես, ՀՅԴ-ն 2003 թվականից ի վեր կոալիցիա է կազմում ՀՀԿ-ի հետ, հետո ընտրական գործընթացում սուր քննադատում ՀՀԿ-ին, որի հետ կրկին կոալիցիա է կազմում այդ գործընթացի ավարտից հետո: Բայց խնդիրն այն է, որ ներքաղաքական գործընթացները ներկայումս ունեն բոլորովին այլ տրամաբանություն, լիովին այլ է ներիշխանական իրավիճակը, ներքին ստատուս-քվոն և այդ նոր իրողությունների պայմաններում ՀՅԴ «պահաջարկը» Սերժ Սարգսյանի մոտ կարող է կտրուկ նվազել: 2016 թվականի փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ կոալիցիա էր կազմում, ՀՀԿ-ի ներսում կար Հովիկ Աբրահամյանի գործոնը, որը Սերժ Սարգսյանի համար լուծում էր պահանջում 2017-ից առաջ: ՀՅԴ-ն այդ գործոնի լուծման միջոցներից մեկն էր: Հիմա Հովիկ Աբրահամյանը չկա և Սերժ Սարգսյանն արդեն իշխանության ներսում ոչ թե պայքարում է որևէ բևեռի դեմ, այլ գործնականում կանգնած է ընդամենը որևէ տարբերակ, որևէ սցենար զարգացնելու խնդրի առաջ: Միաժամանակ նկատելի է, որ Սարգսյանը գնում է մեկ փուլով ՀՀԿ մեծամասնություն հաստատելու ճանապարհով և առկա իրավիճակը կարծես թե վկայում է, որ այդ խնդիրը Սարգսյանի և ՀՀԿ-ի համար ներկայումս միանգամայն լուծելի է, եթե 2016 թվականի փետրվարին թվում էր գրեթե անհնար: Այդ պարագայում Դաշնակցության հետ կոալիցիան Սերժ Սարգսյանի համար կարող է դառնալ միանգամայն ավելորդ, առավել ևս, երբ նկատելի է, որ խորհրդարանական ընտրության արդյունքում չի լինելու ընդգծված, ազդեցիկ երկրորդ ուժ և ձայներն այդ առումով ընդդիմադիր կամ ոչիշխանական ճակատում հանդես եկող ուժերի միջև կլինեն հնարավորինս «հավասարաչափ բաշխված», իսկ բաժանարար գծերն էլ նրանց միջև ընդգծված այնքան, որ չեն ներկայացնում իշխանության համար որևէ տեսանելի վտանգ: Այդ իրավիճակում, իհարկե, ՀՅԴ-ն կանգնած է երկընտրանքի առաջ՝ համոզել ընտրողին, որ ընդդիմություն է, թե՞ համոզել ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին, որ ճիշտ չէ «դուրս գրել» ՀՅԴ-ին: Թիրախավորելով ՀՀԿ-ին, որի հետ կոալիցիա է կազմել ընդամենը մեկ տարի առաջ, ՀՅԴ-ն փորձում է թերևս միաժամանակ անել թե մեկը, թե մյուսը: Տվյալ դեպքում, սակայն, խնդիրը ոչ թե ՀՅԴ մեջ է, այլ կոալիցիայի: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան թերևս կհանդիսանա վերջինը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում իշխանության համար կոալիցիոն կառավարումը դառնում է ռիսկային, քանի որ չկա նախագահի գերակա ինստիտուտը, որը կչեզոքացներ այդ ռիսկերը: