Սերժ Սարգսյանը նստած է ընդդիմության, ակտիվիստների, լիդերների հոգիներում

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածում հասցրեցին իշխանություններին այլընտրանքային քաղաքական ուժ ստեղծել, նշեց, որ եթե այդպիսի խնդիր դրվեր, ապա քաղաքական ուժերը լրիվ այլ կերպ կփորձեին իրականացնել նախընտրական փուլի խնդիրները: «Ես առաջարկում էի, որ միասնական շտաբ ստեղծվի՝ միասնական ընդդիմության նախընտրական թիմ ձևավորվի, և հանրությանը պարզ կլիներ, որ կա կառավարող ուժ և կա այլընտրանքային ուժ՝ ընդդիմություն, որը կներկայացներ այն ծրագիրը, որը պետք է կյանքի կոչեր: Եթե ընդդիմությունը կարողանար այդ հարցը լուծել ես նույնպես կմասնակցեի ընտրություններին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: Նրա կարծիքով՝ եթե հնարավոր լիներ համախմբել ընդդիմությանը, անպայման նրանք կպաշտպանեին «Սասնա ծռերին», որը, Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ իրական ընդդիմություն է, մյուսները՝ խամաճիկային են: «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև այս նախընտրական բազարները՝ միջկուսակցական բանակցությունների անվան տակ, ցույց տվեցին, որ այդ մարդիկ եթե անգամ ուղղակիորեն չեն համաձայնեցրել իրենց ցուցակները և մասնակցության ձևաչափերը, ապա նրանք մտովի արել են այնպես, ինչպես կաներ Սերժ Սարգսյանը, եթե ինքը որոշեր»: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նստած է ընդդիմության, ակտիվիստների և լիդերների հոգիներում: Մանրամասները՝ տեսանյութում: