Թվում է՝ դա միակ ճիշտ որոշումն էր. ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կչեզոքացնի այն թերությունը, որն ունի ՀՀ-ն հեռավորության պատճառով

Թվում է՝ դա միակ ճիշտ որոշումն էր. ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կչեզոքացնի այն թերությունը, որն ունի ՀՀ-ն հեռավորության պատճառով

«Թե երբ կստորագրվի Հայաստանի ու Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագիրը, պարզ կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկուշաբթի ու երեքշաբթի օրերին կայանալիք բրյուսելյան հանդիպումներից հետո, բայց ես շատ չէի կապի այս համաձայնագիրը ընտրությունների հետ, քանի որ այն այլևս ամբողջական Ասոցացման համաձայնագիրը չէ, սակայն այն մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին՝ դառնալու կապող օղակ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Մայքլ Քեմբեքը: - Դուք որևէ կապ չե՞ք տեսնում ընտրությունների ու Եվրամիության հետ Հայաստանի բանակցային գործընթացի միջև: Եվրամիության հետ հարաբերությունները շատ կարևոր են եղել նաև Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումը լեգիտիմացնելու առումով: Իշխանությունները բանակցել են Եվրոպական միության հետ՝ ակնկալելով դրական գնահատական ստանալ Հայաստանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ, և մենք հիշում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք ևս համընկան ընտրական շրջանի հետ: Հիշում ենք նաև այն, որ Հայաստանը չստորագրեց այդ համաձայնագիրը: Նման սցենար կարո՞ղ է այսօր կրկնվել, թե՞ ներկայիս իրավիճակը տարբերվում է նախորդից:  - Հիմնվելով մեր ունեցած բոլոր աղբյուրների վրա՝ պետք է ասենք, որ 2013-ի և 2014-ի բանակցությունները բոլոր դեպքերում ազնիվ էին, երկու կողմերի նպատակն էլ մեկն էր՝ ավարտել Ասոցացման համաձայնագրի մշակումը և այն կյանքի կոչել: Հայաստանի՝ վերջին պահին արված ընտրությունը Եվրասիական տնտեսական միության օգտին անակնկալ էր առաջին հերթին եվրոպացիների համար, բայց երբ հետադարձ հայացք ենք գցում, թվում է, թե դա միակ ճիշտ որոշումն էր: Շատերը, հատկապես Ուկրաինայի դեպքերից հետո, պնդում էին, որ Հայաստանը կարող էր տուժել առևտրի և անվտանգության դաշտում ԵԱՏՄ-ի պատճառով, եթե ավարտին հասցներ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս ենթադրությունները պահպանվում են մինչ օրս, բայց մենք չունենք որևէ ցուցիչ, որի հիման վրա կարող էինք ասել, թե ներկայիս գործընթացը Եվրամիության հետ ձևական է կամ նախորդ գործընթացն էր ձևական: - Նոր համաձայնագիրը ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու, անվտանգության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության, առևտրի զարգացման իմաստով: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որքանո՞վ կխանգարի ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը: Ընդհանրապես տնտեսական ի՞նչ օգուտներ կարելի է սպասել այս համաձայնագրի համապատասխան կետերի իրագործումից: - Արդյունավետ կառավարմանն աջակցելը, ժողովրդավարությունն ամրապնդելը և կոռուպցիայի դեմ պայքարը նոր համաձայնագրի առանցքում գտնվող հարցեր են: Տնտեսական առումով՝ տրամաբանական է, որ Հայաստանը չի կարող միասնական մաքսային գոտի ունենալ երկու խոշոր տնտեսական կառույցների հետ, որոնք մաքսային գոտի չունեն միմյանց հետ: Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանը աշխարհագրորեն բավական հեռու է ու երկիրը տարածքով բավական փոքր է, իջեցված սակագներ և ընդհանուր չափանիշներ սահմանելու հնարավորություն կա՝ առանց վախենալու, թե բոլոր այն մտահոգող ապրանքները, որոնցով առևտուր են անում ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն, հանկարծ կշրջանցեն Հայաստանի տարածքը: Այս ընդհանուր չափանիշներն ու իջեցված սակագները շատ կօգնեն հայ արտահանողներին՝ ապրանք արտահանելու ԵԱՏՄ ու ԵՄ շուկաներ և այդպիսով ունենալու մրցակցային առավելություն այլ երկրների արտահանողների նկատմամբ, կամ առնվազն չեզոքացնելու այն թերությունը, որն ունի Հայաստանը տարածքային հեռավորության պատճառով: Ամեն դեպքում թե՛ Հայաստանը և թե՛ Եվրամիությունը ձգտում են առավելագույն պայմաններ ստեղծել առևտրի համար՝ չխախտելով գոյություն ունեցող պարտավորությունները ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ: Երկու կողմերն անում են դա, քանի որ դա բխում է իրենց ընդհանուր շահերի և ստեծղում է բիզնես հնարավորություններ ու աշխատատեղեր: Եթե սրանում տեսնում եք կապ ընտրությունների հետ, ապա պիտի ասեմ, որ համենայնդեպս սա նկատելի առաջընթաց է երկրի համար, որն էլ կառավարությունը փորձում է ներկայացնել ընտրողներին: