Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները բանականի սահմաններից դուրս է. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները բանականի սահմաններից դուրս է. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը բանականի սահմաններից դուրս է համարում Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները: Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա սկզբում մեջբերել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում նշված է, թե իբր «ադրբեջանցի զինծառայողների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում, որպեսզի նրանք վերադարձնեն, իսկ միջազգային միջնորդների ներկայությունն, իբրև թե, պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի»: «Ժամը 16.40-ի սահմանում, այսինքն այն պահին, երբ հայկական կողմի դրսևորած բարի կամքի արդյունքում արդեն ավարտված էր չեզոք գոտում ընկած հակառակորդի դիակների տարհանումը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ՊՆ-ն: Հիշեցնենք, որ նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել, թե .«Հայկական կողմի առաջադրած նոր պայմանների պատճառով դիակների դուրսբերման գործընթացը ձախողվել է...»: Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հասրաթյանը: