Վրաստանի ընդդիմությունը  բացատրություն է պահանջել Հայաստանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ

Վրաստանի ընդդիմությունը բացատրություն է պահանջել Հայաստանի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ

Աբխազիայով ռուս-հայկական երկաթուղային գծի հնարավոր վերականգնման մասին ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններին հետևել է Վրաստանի ընդդիմության սուր արձագանքը: Վրացական ընդդիմությունը երկրի իշխանություններից պահանջել է հրապարակել Հայաստանի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ մանրամասներ, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կարծում են, որ երկաթուղային գծի վերականգնումը հարվածի տակ կդնի Վրաստանի օկուպացված շրջանները չճանաչելու քաղաքականությունը: Կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուռուայի խոսքով՝ դա ազգային հարց է, և այն չի կարելի որոշել հետնաբեմում: «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչներն էլ կարծում են, որ իշխանությունները երկրի համար վնասակար որոշումներ են կայացնում: «Վրաստանն այսօր ղեկավարում է իշխանություն, որի նկատմամբ մեծ անվստահություն կա, որ այն զիջումներ է անում Ռուսաստանին: Դա լավ երևում էր նաև «Գազպրոմ»-ի օրինակով: Այդ պատճառով այս հարցում Վրաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակային ասել ճշմարտությունը, թե ինչ գործարքի հետ մենք գործ ունենք»,- հայտարարել է Զուրաբ Չիաբերիշվիլին: Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը աբխազական երկաթուղային գծի բացման մասին խոսք չի գնացել: «Այդ մասին խոսք չի գնացել: Այդ կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել նաև կառավարությունում»,- հայտարարել է Կալաձեն: