Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ հնարավոր չէ իրականացնել. Մոսկվան Հայաստանին ներքաշում է ավանտյուրայի մեջ

Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, այդ թվում նաև ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ. նոր չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը ներկայացրեց իր դիտարկումներն այն մասին, թե  այս չվերթի գործարկումն ինչ դրական և բացասական կողմեր կարող է ունենալ մեզ համար: Նա նշեց, որ այս չվերթը ուղևորների համար դրական կլինի, բայց քաղաքականության տեսակետից սա բացասական է, որովհետև մենք չունենք սեփական ավիափոխադրող: «Բազմիցս ասել եմ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանը դառնում է «պռախադնոյ դվոռ» Ռուսաստանի համար: «Բաց երկնքի քաղաքականության» պատճառով մենք կորցրեցինք սեփական ավիափոխադրող ունենալու հնարավորությունը: Ընդհանուր առմամբ ռուսական շահերը սպասարկող օդանավակայան է դարձել, միջազգային չվերթներ քիչ ունենք և չունենք որևէ հայկական փոխադրող»,- նշեց Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ականները «խալին փռում են» ռուսների առաջ, և Հայաստանում ռուսական օլիգարխիայի «դիստրիբյուտորներն» են: Շահեն Պետրոսյանի հավաստմամբ՝ Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ հնարավոր չէ իրականացնել. «Ղրիմի օդային տարածքը միջազգային չվերթների համար փակված է, Ուկրաինան է փակել, դա իր սուվերենության տարածքն է, և օդանավը պետք է Վրաստանի վրայով թռչի, որը Վրաստանը թույլ չի տա: Իսկ եթե միջազգային չվերթ իրականացվի Երևանից դեպի Ղրիմ, ապա Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանին քաշում է ավանտյուրայի մեջ և թշնամացնում է Ուկրաինայի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: