«Մանչեսթերը» Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի

«Որտեղ էլ որ լինեմ, ես միշտ հաղթելու եմ: Եթե չեմ սխալվում, սա իմ 32-րդ տիտղոսն է: Ես շարունակում եմ իմ գործը և վայելում եմ Անգլիան»,- հայտարարել է լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ մրցավեճից հետո: Չնայած ֆուտբոլը թիմային խաղ է, այդուհանդերձ՝ այսօր քիչ չեն ֆուտբոլիստները, որոնք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը, կերտել հաղթանակը: Ընդհանրապես՝ ֆուտբոլային մեծություններին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ֆուտբոլային այն աստղերն են, որոնք հաջողության են հասնում թիմակիցների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Կարճ ասած՝ նրանց համար խաղում է թիմը: Երկրորդ խմբում ֆուտբոլիստներն են, որոնց ջանքերի շնորհիվ խաղում է, հաղթում թիմը: Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլային մեծություն է, որը խաղում է թիմի համար: «Շատ դեպքերում մրցակիցը գերազանցում էր մեզ: Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» համար նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ բացահայտ ընդունելով, որ տիտղոսն իր թիմը նվաճեց մեկ ֆուտբոլիստի փայլուն խաղի շնորհիվ: Չնայած եզրափակչի նախօրեին Մոուրինյոն նշել էր, որ վնասվածքի պատճառով կարևորագույն խաղին Մխիթարյանի չմասնակցելը լավ առիթ է Ֆելաինիի և Շվայնշտայգերի համար, այնուամենայնիվ՝ պորտուգալացի մասնագետը Հայաստանի հավաքականի ավագի բացը փորձել էր լրացնել այլ տարբերակով: Եզրերում թողնելով Մատային և Մարսիալին՝ Մոուրինյոն ենթահարձակվողի դիրքում օգտագործեց Լինգարդին: Վերջինս դարձավ գոլի հեղինակ, բայց նրա պատճառով «Յունայթեդը» դաշտի միջին հատվածում բավական անհաջող գործեց: Ավելի ստույգ՝ խորքում ակտիվ գործողությունների մեջ էին պաշտպանները և հենակետային կիսապաշտպան Էրերան, իսկ առջևում ողջ բեռը Իբրահիմովիչի ուսերին էր: Նույն պատկերն էր նաև Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենտ Էտյեն» մրցավեճում, որում Իբրահիմովիչը հեթ-տրիկ ձևակերպեց: Այն ժամանակ ևս «Մանչեսթերը», ցուցադրելով համեմատաբար ավելի թույլ ֆուտբոլ, խփելով հաղթեց 3:0 հաշվով: Թե «Սենտ Էտյենի» և թե «Սաութհեմթոնի» հետ մրցավեճերում բեկումնային եղավ Իբրահիմովիչի տուգանային հարվածով խփած առաջին գնդակը: Եթե առաջին դեպքում Իբրահիմովիչը հաշիվը բացել էր 15-րդ, ապա երկրորդ դեպքում՝ 18-րդ րոպեին: «Սենտ Էտյենի» հետ խաղում էլ Իբրահիմովիչը երրորդ գոլը խփել էր 88-րդ, իսկ եզրափակչում՝ 87-րդ րոպեին: Համաձայնվեք, այս երկու հանդիպումներում «Յունայթեդը» ցույց տվեց նույնանման ֆուտբոլ, որտեղ գլխավոր գործող անձը Իբրահիմովիչն էր: Նշված երկու հանդիպումների ամենակարևոր նմանությունը, սակայն, Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է: Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմի հետ հանդիպումը մեր ֆուտբոլիստը բաց թողեց մրսածության պատճառով: «Սենտ Էտյենի» և «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումները ապացույցն են նրա, որ այսօր գոյություն ունի երկու «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի: Սրանք միմյանցից տարբեր երկու թիմեր են: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ առանց Մխիթարյանի թիմը ուղղակի կձախողվի, եթե շարքից դուրս գա Իբրահիմովիչը: Ինչ վերաբերում է առաջին թիմին, որտեղ խաղում է Մխիթարյանը, ապա այն հաջողությամբ խաղացել է նաև առանց Իբրահիմովիչի: Խոսքը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումն էր, որում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ: Այս մրցավեճում հերթական անգամ փայլեց Մխիթարյան-Մատա խաղային զույգը: Ընդունենք նաև, որ «Սաութհեմփթոնի» հետ խաղում Իբրահիմովիչի տուգանային հարվածով խփած գնդակը կարող էր բեկումնային չլինել, եթե 12-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը հաշվեր «Սաութհեմփթոնի» գոլը: Տվյալ դրվագում, կարծում ենք, խաղից դուրս վիճակ չկար: Ինչևէ, Մխիթարյանը երկրորդ տիտղոսը նվաճեց անգլիական ակումբում: Նրա վնասվածքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև բուժզննման արդյունքը: Մարտի 4-ին «Մանչեսթերը» Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցի «Բորնմութի» հետ: Մարտի 9-ին Մոուրինյոյի թիմը Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի «Ռոստովի» հետ նրա իսկ հարկի տակ, իսկ ընդամենը չորս օր անց կկայանա Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Չելսիի» հետ սկզբունքային հանդիպումը: